Ռիշի Սունակը Վաշինգտոն այցը կօգտագործի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բեն Ուոլեսի թեկնածության օգտին լոբբինգի համար. Telegraph
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը այս շաբաթ Վաշինգտոն կատարելիք իր այցի ընթացքում կփորձի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին համոզել, որ վերջինս սատարի Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այս մասին հաղորդում է Telegraph պարբերականը:
Բեն Ուոլեսն արդեն հայտարարել է, որ հետաքրքրված է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնով, երբ սեպտեմբերին Յենս Ստոլտենբերգն ավարտի իր պաշտոնավարումը:
Ըստ հրապարակման՝ Բրիտանիայի վարչապետը երկու օր կանցկացնի Վաշինգտոնում և Սպիտակ տան ղեկավարի հետ կքննարկի տնտեսության, առևտրի, գիտության և տեխնոլոգիայի ոլորտում համագործակցությունը: Կողմերն, ամենայն հավանականությամբ, կստորագրեն Միացյալ Թագավորությունում միլիարդավոր դոլարի բիզնես ներդրումների հետ կապված փաստաթղթեր, կքննարկեն Արհեստական բանականության ոլորտը կարգավորելու հարցերը:
Telegraph-ի հաղորդմամբ՝ Սունակն անցյալ ամիս Հիրոսիմայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին Բեն Ուոլեսի թեկնածության օգտին լոբբինգ է իրականացրել, սակայն Լոնդոնում մտահոգվում են, որ Ֆրանսիան և Գերմանիան չեն ցանկանա թույլ տալ ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնում բրիտանացու թեկնածությունը և գլխավոր քարտուղարի պաշտոնում կառաջադրեն կին թեկնածուի: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնորդներից մեկը Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենն է, որը Բայդենի հետ հանդիպելու է այսօր: