Բելգիայի հետախուզությունը հետաքննում է բելգիական զենքի օգտագործումը ՌԴ Բելգորոդի շրջանի վրա հարձակումների ընթացքում
Բելգիայի կողմից Ուկրաինային տրամադրված զենքերը կարող են օգտագործվել միայն Ուկրաինայի զինված ուժերի կողմից պաշտպանության նպատակով, Բրյուսելը «լրջորեն է վերաբերվել» ՌԴ Բելգորոդի մարզում դրանց կիրառմանը։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, Radio 1-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոն:
Նա նշել է, որ թագավորության պաշտպանության նախարարությունը և հետախուզությունը հետաքննում են այդ փաստերը։
«Բելգիական զենքը մատակարարվում է Ուկրաինային բացառապես պաշտպանական նպատակներով օգտագործելու համար: Մենք ունենք խիստ վերահսկողության մեխանիզմներ դա ապահովելու համար», – ասել է նա՝ պատասխանելով Բելգորոդի շրջանը գրոհած ուկրաինացի զինյալների մոտ բելգիական զենքի առկայության մասին հարցերին:
«Մենք լրջորեն ենք վերաբերվում այդ տեղեկատվությանը: Մեր պաշտպանության նախարարությունը և հետախուզական ծառայությունները հետաքննություն են սկսել այս տեղեկատվության վերաբերյալ՝ պարզելու, թե իրականում ինչ է տեղի ունեցել», – հավելել է Բելգիայի վարչապետը:
Նա, սակայն, խուսափել է պատասխանել այն հարցին, թե ինչ կանի Բրյուսելը, եթե տեղեկությունը հաստատվի։ «Եկեք ժամանակից առաջ չընկնենք», – ասել է Դե Կրոն: