Հայաստանում հնարավոր են համարում մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ բանակցությունների ինտենսիվությունը պահելու դեպքում

Հայաստանը դրական է գնահատում Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումը Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների մասնակցությամբ։

Երևանն այդ հանդիպումը լավ հնարավորություն է համարում խաղաղության օրակարգն առաջ մղելու համար։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Միջազգային հանրության աջակցությունը խաղաղության օրակարգին շատ կարևոր է, և մենք շատ դրական ենք գնահատում այդ հանդիպումը։ Օրակարգային բոլոր հարցերին անդրադարձ է եղել՝ ապաշրջափակում, սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորում։ Մեր շեշտադրումներն այն են, որ պետք է միջազգային մեխանիզմ ստեղծվի և Ստեփանակերտն ու Բաքուն քննարկեն անվտանգությունն ու իրավունքները։ Հումանիտար հարցերին ևս անդրադարձ կատարվել է, ինչը շատ կարևոր է, որպեսզի կարողանանք հումանիտար հարցերին լուծում գտնել»,- ասել է Գրիգորյանը։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը կարծիք է հայտնել, որ բանակցությունների ինտենսիվությունը պահելու դեպքում հնարավորություն կա, որ մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել։

Նա նշել է, որ Հայաստանը տրամադրված է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավորինս շուտ տեղի ունենա։

Տեսանյութեր

Լրահոս