Վաշինգտոնի երկնքում կործանիչների հետապնդած փոքր ինքնաթիռը վթարի է ենթարկվել Վիրջինիայում
Միացյալ Նահանգներն օդ է բարձրացրել F-16 գերձայնային կործանիչներ, որոնք ուղեկցել են թեթև ինքնաթիռը: Ըստ ԱՄՆ պաշտոնյաների՝ Վաշինգտոնի օդային տարածքը խախտած ինքնաթիռի օդաչուն չի արձագանքել ԱՄՆ զինվորականների կողմից կապի փորձերին, այնուհետև ինքնաթիռը կործանվել է Վիրջինիայի լեռներում:
Վիրջինիայի նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ վթարի վայրում ողջ մնացածների չեն հայտնաբերել: Վաշինգտոնի օդային սահմանը խախտած Cessna Citation ինքնաթիռում գտնվել է 4 մարդ: Ավիավթարից ժամեր անց դեպքի վայր ժամանած փրկարարները ոչ ոքի ողջ չեն գտել: Encore ընկերության սեփականատեր Ջոն Ռամփելը Washington Post-ին հայտնել է, որ ինքնաթիռում են գտնվել իր դուստրը, թոռը և երեխայի դայակը:
ԱՄՆ պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ կործանիչները չեն դարձել Cessna-ի կործանման պատճառ: Փոքր ինքնաթիռը դուրս էր եկել Թենեսիից և մեկնում էր Նյու Յորք: Ըստ թռիչքների ընթացքին հետևող կայքերի՝ ինքնաթիռը հասել է Նյու Յորքի տարածք, այնուհետ գրեթե 180 աստիճանով պտույտ է կատարել:
Reuters-ը հաղորդում է, որ գերձայնային կործանիչների արձակած ձայնը խուճապ է առաջացրել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող մարդկանց շրջանում: Նրանցից շատերը սոցցանցերում գրել են, որ ուժգին ձայն են լսել, որը ցնցել է գետինը և պատերը: Ըստ որոշ օգտատերերի՝ ձայնը լսվել է նույնիսկ Վիրջինիայի հյուսիսում և Մերիլենդում: