Մեքսիկայի նախագահը շնորհակալություն է հայտնել Պերուի խորհրդարանին իրեն պերսոնա նոն գրատա հայտարարելու համար
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը շնորհակալություն է հայտնել Պերուի խորհրդարանի հանձնաժողովին, որը կողմ է քվեարկել իրեն պերսոնա նոն գրատա հայտարարելու օգտին: Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
«Շատ շնորհակալ եմ ինձ պերսոնա նոն գրատա հայտարարելու համար, որովհետև ես անհարմար կզգայի, եթե այդ օրենսդիրները և իշխանությունը պահող տիկինը (խմբ.` Պերուի նախագահ Դինա Բոլուարտեն) ինձ մրցանակ հանձնեին կամ ծափահարեին ինձ։ Ես կամաչեի», – ասել է նա մայիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսում։
Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ կարևորություն չի տալիս այդ որոշմանը, որովհետև այն արտացոլում է Պերուի փոքրամասնության դիրքորոշումը։
«Նրանք կոռումպացված քաղաքական գործիչներ են, պաշտոնեական դիրքը չարաշահողներ, ծախու լրագրողներ և մտավորականներ, այլ ոչ թե Պերուի ժողովուրդը», – կարծում է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Պերուի Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մայիսի 22-ին քվեարկել է Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին պերսոնա նոն գրատա հայտարարելու օգտին՝ երկրի իշխանությունների վերաբերյալ նրա քննադատական հայտարարությունների պատճառով։ Այժմ նախաձեռնությունը պետք է քննարկվի խորհրդարանի լիագումար նիստում։
Ավելի վաղ Լոպես Օբրադորը Պերուի նախագահ Դինա Բոլուարտեին անվանել էր ուզուրպատոր և հերթական անգամ հայտարարել, որ Մեխիկոն Լիմային չի փոխանցի Խաղաղօվկիանոսյան դաշինքի նախագահությունը։ Մեքսիկայի ղեկավարի խոսքով՝ Բոլուարտեն իշխանության է հասել ապօրինի ճանապարհով, քանի որ պետության նախկին ղեկավար Պեդրո Կաստիլիոն հեռացվել է անարդարացիորեն:
Դեկտեմբերին Կաստիլիոն հայտարարել էր Կոնգրեսն արձակելու մասին, սակայն փոխարենը պատգամավորները նրան զրկեցին լիազորություններից և ձերբակալեցին: