Մի X պահի 3-րդ ուժը կարող է մեզ չաջակցել ու մենք մնանք միայնակ. Փաշինյան
Այսօր Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսի ժամանակ «Sputnik Արմենիայի» թղթակիցը նրան հիշեցրել է, որ 2023 թվականի հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանն ասել է, թե Ադրբեջանն իր ագրեսիան բացատրում է նրանով, որ վտանգ է տեսնում Հայաստան-Ռուսաստան տանդեմից, իր դեմ ինչ-ինչ գործողությունների սպառնալիք:
Եվ քանի որ ՌԴ-ն չի արձագանքում ադրբեջանական ագրեսիաներին, ուրեմն դաշնակցի ներկայությունը ՀՀ-ում կարող է սպառնալիք լինել: Լրագրողը նաև հիշեցրել է, որ ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ասել է՝ ԵՄ դիտորդներն անվտանգության երաշխիք չեն, ավելին, կարող են ՀՀ-ի համար մարտահրավեր լինել, ի վերջո, որտե՞ղ է տեսնում անվտանգության նոր հարթակներ, չնայած ԱՄՆ-ի դրամաշնորհային աջակցությանը ՀՀ ուժային կառույցներին:
Այս հարցադրումներին ի պատասխան՝ Փաշինյանը նախ ասել է՝ ինչու է ԵՄ դիտորդների տեղակայմանը համաձայնել, բայց ՀԱՊԿ դիտորդներին՝ ոչ:
«Պատճառը պարզ է՝ անվտանգության ոլորտում ՀԱՊԿ-ի հետ մենք ունենք պայմանագիր, որտեղ փոխադարձաբար պարտավորությունները ֆիքսված են: Հիմա մենք դիսոնանս ենք տեսնում իրենց գործողությունների ու պարտավորությունների մեջ, ասում ենք` հարգելի գործընկերներ, եկեք սկզբից դիսոնանսի հարցը լուծենք, հետո մոնիտորինգի, որովհետև առանց դիսոնանսի հարցը լուծելու` չի կարող մոնիտորինգը լինել արդյունավետ: ԵՄ-ի հետ այսպիսի դիսոնանս չունենք, որովհետև ԵՄ-ի հետ չունենք անվտանգային ոլորտում կնքած որևէ փաստաթուղթ, պայմանագիր, որը նրանք, մեր ընկալմամբ, ամբողջությամբ չեն իրականացնում»,- նշել է նա:
Ւսկ անվտանգությունը, դրա երաշխիքը, ըստ Փաշինյանի, առաջին հերթին տեսնում է մեր տարածաշրջանում: Այսինքն, անվտանգության միակ հուսալի երաշխիքը տևական, ինստիտուցիոնալ և համապարփակ խաղաղությունն է։
Ճշտող հարցին՝ ո՞ւմ հետ, Փաշինյանը պատասխանել է` մեր միջավայրի ու մեր տարածաշրջանի։
«Եթե մենք ընկալում ունենանք, որ մեզ վրա անընդհատ պետք է հարձակվեն, և մենք անընդհատ պետք է պաշտպանվենք երրորդ ուժի աջակցությամբ ու օգնությամբ, ապա մի «իքս» պահի այդ երրորդ ուժը կարող է ասել` ես չեմ կարող ձեզ աջակցել, ես էլ իմ պրոբլեմները ունեմ, ես գնում եմ իմ խնդիրները լուծելու։ Եվ մենք կմնանք մեր թշնամական միջավայրի հետ դեմ հանդիման։ Մենք մի անգամ դա արդեն տեսել ենք, ու դա մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական էջն է: Մենք պե՞տք է մտածենք սրա մասին, այո, պետք է մտածենք: Չմտածելը կլինի դավաճանություն՝ ՀՀ-ի պետական շահերին»,- մանրամասնել է Փաշինյանը: