Ոչ կադրերը չեմ նայել. Փաշինյանն իր որդու՝ սեփական կամքով մեքենա նստելու տեսանյութի մասին
«Ես ամեն օր շփվում եմ: Քաղաքացու ծնողին իմ հեռախոսահամարը փոխանցել են, ասել եմ՝ երբ կարիք լինի, զանգեք: Իր համարն էլ ինձ մոտ գրանցել եմ և ինչքան հիշում եմ, բաց թողնված զանգ չունեմ, որ ինքը ինձ զանգած լինի, ես հետ զանգած չլինեմ: Գիտեմ, որ ոչ մի պատճառ չկա, որ այդ գործն օբյեկտիվ չքննվի»,- մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով 2022 թվականի ապրիլի 26-ին իր ավտոշարասյան մեքենաներից մեկի կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործի մասին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ինքը եղել է մեքենայում, և այդտեղ որևէ գաղտնիք չկա:
Պատասխանելով լրագրողի հարցին, որ ըստ համացանցում տարածված տեսանյութի՝ Աշոտ Փաշինյանը սեփական կամքով է նստել զոհված զինվորի մոր մեքենան, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ կադրերը չի նայել:
«Ոչ, չեմ նայել կադրերը, չեմ պատրաստվում խորանալ իրավական նրբությունների մեջ: Իմ որդու քրեական գործի ընթացքից բացարձակապես տեղյակ չեմ»,- ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ դիտի տեսանյութը և հորդորի որդուն հետ վերցնել դիմումը, Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. «Հնարավոր է, որ դիտեմ տեսանյութը, բայց բացառվում է, որ որդուս հորդորեմ հետ վերցնել այդ դիմումը»: