Նիկոլ Փաշինյանի հորդորն ու «Հայկական ժամանակ»-ի հավաստի աղբյուրը

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սոթք բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական սադրանքին, երբ հայկական մարտական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մի քանի ժամ շարունակ հրետանային և ականանետային միջոցներից կրակ են արձակել, ապա ուղիղ հեռարձակմամբ կոչ է արել ներկաներին, ենթադրվում է՝ նաև հանրությանը, հետևել պաշտոնական լրահոսին և ադրբեջանական ու ոչ ադրբեջանական կեղծ տեղեկատվության տարածողը չդառնալ: Եվ հենց ինքն էլ ընդգծել է, որ «վաղ առավոտից Պաշտպանության նախարարությունը գործնականում 15-20 րոպեն մեկ անգամ, երբեմն՝ ավելի հաճախ, տեղեկատվություն է հրապարակում իրադրության մասին»:

Բայց գրեթե նույն  ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը տարածել էր Infoteka24-ի տելեգրամյան ալիքի տարածած տեղեկությունը՝  «Ադրբեջանը «Բայրաքթար» ԱԹՍ-ներ է կիրառել հայկական դիրքերի ուղղությամբ», ինչի մասին ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրություններում ոչ մի խոսք չկար: Կարո՞ղ ենք ենթադրել, որ Infoteka24-ը պաշտոնականին մոտ աղբյուր է, և տարածած տեղեկությունն էլ  համապատասխանում է իրականությանը, այսինքն, կեղծ չէ: Հատկապես, երբ այն տարածում է երկրի ղեկավարի ընտանեկան թերթը, իսկ Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, ի պաշտոնե տիրապետում է գաղտնի և հույժ գաղտնի ինֆորմացիաներին: Այլ կերպ ասած՝ գուցե մի բան գիտե՞ն, դրա  համար էլ նաև  «Հայկական ժամանակն» է  տարածում ոչ պաշտոնական տեղեկությունը:

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ ArmLur.am-ին  ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև ուղիղ կապ է գործում մինչ այսօր:

«Նման դեպքերում աշխատում են պարզել՝ ինչն ինչոց է, և կասեցնել հետագա լարվածության ուժեղացումը»,- շեշտել է իշխանական պատգամավորը:  Գուցե ՔՊ-ական պատգամավորը նկատի է ունեցել նախարարների մակարդակով ուղիղ կապի գոյությո՞ւնը:

Կարդացեք նաև

2021-ի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությանը հանձնարարել էր ակտիվորեն օգտագործել Ադրբեջանի հետ ուղիղ կապը:

Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի հաստատման մասին խոսել էր նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, երբ անցած տարեվերջին հյուրընկալել էր Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին:

Պաշտպանական գերատեսչության գործող ղեկավար Սուրեն Պապիկյանը նախարարի պաշտոնը ստանձնել է 2021թ. նոյեմբերի 15-ին:

Նշենք, որ անցած տարի օգոստոսին ՊՆ-ից 168.am-ին հայտնել էին, որ Սուրեն Պապիկյանի և Զաքիր Հասանովի միջև կապը չի գործում: Արդյո՞ք այն վերականգնվել է, մենք, իհարկե, կփորձենք պարզաբանում ստանալ նախարարությունից:

Գուցե պատգամավոր Աղազարյանը հետևելով Կառավարության նիստի ուղիղ հեռարձակումը՝ լսել է Նիկոլ Փաշինյանին և այդ հիմքով է որպես գոյություն ունեցող փաստ փոխանցել լրագրողին:

Իսկ Նիկոլ Փաշինյանն այսպես էր ձևակերպել  միտքը.

«Եթե իրադրությունը սրելը Ադրբեջանի նախատրամադրվածությունը չէ, որևէ տեղային միջադեպ կարելի է արագ կարգավորել գոյություն ունեցող կապերով տեղեկատվություն ճշտելու, փոխանակելու և կանխարգելիչ պայմանավորվածություններ   ձեռք  բերելու  միջոցով»:

Գոյություն ունեցող ի՞նչ կապի մասի է Փաշինյանն ակնարկում, արդյո՞ք այն, ինչի մասին խոսում է նաև ՔՊ-ական պատգամավորը, թե՞ Փաշինյանը նկատի ունի տեղի հրամանատարության միջև կաը, պարզ չէ, սրանք հարցեր են, որոնք ճշտելու անհրաժեշտություն վստահաբար կա:

Իհարկե, եղել են դեպքեր, երբ ոչ իշխանությանը մոտ կանգնած անձանց հրապարակած տեղեկությունները պաշտոնապես հերքվել են: Չմոռանանք, որ պաշտոնական լրատվությանը հետևելու կոչ անող Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հայտարարել էր, թե 11.000 դասալիք ենք ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում՝ կամավոր, զինվորական և այլն, ինչը համապատասխան մարմինները չեն հաստատել, նույնիսկ հերքել են՝ Գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե:

Մեկ այլ դեպք էլ հիշեցնենք՝ 2021 թվականին նոյեմբերի 19-ին ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ նոյեմբերի 16-ին Հայաստանի արևելյան սահմանագոտում ծավալված մարտերում հայկական կողմն ունի 6 զոհ: Մինչդեռ նոյեմբերի 16-ին «Հայկական ժամանակը» գրել էր, որ հայկական կողմն ունի 10 զոհ:

Կամ էլ հենց նույն ժամանակահատվածում և նույն դեպքերի մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել էր, որ հայկական կողմը, իր ունեցած տեղեկություններով, ունի 15 զոհ: Ինչը պաշտոնապես չհաստատվեց:

Հ.Գ. Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը նաև տարածել է«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը:

«Այսօր այդ կորպուսի ծառայողները ադրբեջանական զրահատեխնիկա են խոցել։ Որքանով ինձ է հայտնի, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը զրահատեխնիկա կորցրած չկար։
Բայց ամենակարևորը՝ տղերքը զոհ չեն տվել։ Այսօր եզակի դեպքերից էր, երբ առաց զոհի կարողացել ենք արժանի հակահարված տալ։

Ընդ որում, չեն վախեցել ո՛չ իրենց վրա աշխատող մեծաթիվ հրետանուց, ո՛չ էլ վերևում շրջող «Բայրաքթար»-ից»,-մասնավորապես, գրել է նա:

Այսինքն, դարձյալ գործ ունենք ոչ պաշտոնական տեղեկության հետ, եթե անգամ դա համապատասխանում է իրականությանը:

Երկրորդ՝ խնդիրն այն է, որ նման տեղեկությունները տարածում են նույն անձինք, ովքեր ռազմական գործողությունների մասին գրառումներ էին անում նաև 44-օրյայի ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս