Բաժիններ՝

Իրանի ֆինանսների նախարարն առաջին անգամ այցով ժամանել է Սաուդյան Արաբիա

Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին այսօր ժամանել է Սաուդյան Արաբիա՝ պետությունների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման պահից ի վեր առաջին այցով: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Խանդուզին Ջիդդա քաղաք է ժամանել Իսլամական Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պատվիրակության գլխավորությամբ: Oդանավակայանում նրանց դիմավորել են Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձինք, ինչպես նաև Զարգացման Իսլամական բանկի ղեկավարները և Ջիդդայում Իրանի գլխավոր հյուպատոսության աշխատակիցները։

Իրանի ֆինանսների նախարարը բանակցություններ կվարի թագավորության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաև ելույթ կունենա Զարգացման Իսլամական բանկի նիստում։

Խանդուզին անցյալ ամիս հայտարարել էր, որ որպես տնտեսական հարաբերությունները վերականգնելու առաջին քայլ Թեհրանը մտադիր է Էր Ռիադի հետ իր տարեկան առևտրաշրջանառությունն ավելացնել մինչև 1 միլիարդ դոլարի: Նա նաև հույս էր հայտնել, որ հետագայում այդ ցուցանիշները կաճեն։

Մարտի 10-ին Սաուդյան Արաբիան և Իրանը համաձայնության են եկել երկու ամսվա ընթացքում դիվանագիտական ​​հարաբերությունները վերականգնելու և դեսպանությունների աշխատանքի վերսկսման շուրջ։ Երկու երկրների ներկայացուցիչները Պեկինում մի քանի օր բանակցություններ են վարել, որոնց արդյունքներով պատրաստվել է եռակողմ հայտարարություն։ Այնտեղ նշված է, որ երկրները հավատարիմ են ինքնիշխանության և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին և նախատեսում են վերսկսել համագործակցությունն առևտրի, տնտեսության, մշակույթի, գիտության և տեխնիկայի ոլորտներում։

Էր Ռիադի և Թեհրանի միջև հարաբերությունները սրվել են 2015 թվականի մարտին՝ Եմենում «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ռազմական գործողության սկսվելուց ի վեր: Թագավորությունը Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 2016 թվականի հունվարին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս