«Ամեն րոպեն, ժամը կարևոր է». Արմեն Կապրիելյան

Ապրիլի 18-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ  նիստում ներկայացրեց Կառավարության 2022 թվականի հաշվետվությունը՝ հայտարարելով, որ Կառավարությունն իր առջև դրված խնդիրները կատարել է, ավելին՝ գրեթե բոլոր ոլորտներում ունի ձեռքբերում։ Տնտեսական մեծ աճ, ներդրումներ՝ ներդրումների հետևից, զբոսաշրջիկների մեծ հոսք, բնակարանների աննախադեպ վաճառք, քաղաքացիների կյանքի բարելավում, ասֆալտապատումներ, և այլն, և այլն։

Այս ամենին զուգահեռ, սակայն, Նիկոլ Փաշինյանը որևէ հաշվետվություն չներկայացրեց 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանում բռնի պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց մասին։ Նա չասաց, թե ի՞նչ աշխատանքներ են տարվում կամ տարվել նախորդ տարի՝ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար։

Ի՞նչ քայլեր է անհրաժեշտ իրականացնել, որպեսզի հայ ռազմագերիներին վերադարձնեն հայրենիք, արդյո՞ք կան տեսանելի քայլեր այդ ուղղությամբ, դրանք բավարա՞ր են։

168.am-ի հետ զրույցում Հայաստանի ռազմագերիների հարցերի հանձնաժողովի աշխատանքային խմբի նախկին ղեկավար Արմեն Կապրիելյանը նախ ասաց, որ բոլոր ջանքերը պետք է կոնսոլիդացնել և միջազգային հանրության ուշադրությունն ուղղել այս խնդրի վրա։

Կարդացեք նաև

«Կարծում եմ՝ սա ճիշտ ու արդյունավետ աշխատելու միջոց է, ոչ մի միջոցի իրագործելուց չզլանալ, լինի ՄԱԿ-ի ընթացակարգեր, Կարմիր խաչի միջազգային կոմիտե, բարեկամ երկրների խորհրդարաններ ու ղեկավարություն, նույնիսկ միջնորդական դեր ստանձնած պետություններ։ Խոսքը  միայն միջազգային մարդասիրական կառույցների ընթացակարգերի մասին չէ, այս ոլորտում մենք գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ։ Խոսում ենք մի երևույթի մասին, որտեղ ամեն րոպե, ժամ կարևոր է, րոպե շուտ մարդուն ազատել ապօրինի կալանքից, խոսում ենք գերիների ու քաղաքացիական պատանդների մասին։ Մանավանդ, բոլորս էլ գիտենք, թե այնտեղ հայ գերիներն ինչ անմարդկային պայմաններում են ապրում՝ խոշտանգումներ, կտտանքներ և այլն։ Տվյալ պարագայում օր ու գիշեր, առանց ջանք խնայելու, բոլոր ջանքերն ու քայլերը պետք է ուղղված լինեն մեկ ընդհանուր նպատակի՝ ցանկացած միջոցով հայրենիք վերադարձնել գերիներին»,- նշեց Արմեն Կապրիելյանը։

Ըստ նրա, հասկանալի է, որ շատ անգամ հակառակորդ երկիրն այս հարցի վերաբերյալ  կոնտակտի մեջ չի մտնում, այդ պատճառով էլ հարցը չի լուծվում կամ լուծումը ձգձգվում է։

«Ժամանակին մենք շատ հաճախ ենք բախվել այդ խնդրին։ Տվյալ պարագայում երրորդ միջնորդների պարագայում՝ լինեն երկրներ, հեղինակավոր անհատներ, միջազգային կառույցներ, կազմակերպություններ, նորից եմ կրկնում՝ ընդհուպ մինչև ՄԱԿ-ի համապատասխան ընթացակարգեր պետք է օգտագործել»,- շեշտեց նա։

Մեր զրուցակիցը դժվարացավ ասել՝ հայկական կողմն արդյո՞ք պետական մակարդակով բավարար ջանքեր գործադրել է հարցը լուծելու համար, ընդգծելով, որ հարցին օբյեկտիվորեն չի կարող պատասխանել, քանի որ պետական մակարդակով այլևս մասնակցություն չունի գործընթացին, հետևաբար՝ չի տիրապետում ամբողջ տեղեկատվությանը։

«Ամեն դեպքում շատ լավ իմանալով հակառակորդ երկրի իշխանությունների մոտեցումները գերիների հարցի վերաբերյալ, հասկանում ենք, որ 2020 թվականից առաջ էլ, արցախյան առաջին պատերազմից հետո բազմաթիվ գերիներ ու անհետ կորածներ ունենք։ Տարիներ շարունակ այդ ուղղությամբ աշխատել ենք, ես շատ լավ գիտեմ և հավաստիացնում եմ, որ շատ ու շատ խոչընդոտներ առաջանում են հենց հարևան երկրի համապատասխան իրավասու մարմինների պահվածքի հետևանքով»,- հավելեց Հայաստանի ռազմագերիների հարցերի հանձնաժողովի աշխատանքային խմբի նախկին ղեկավարը։

Հարցին՝ 2020 թվականից հետո, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հիման վրա պետք է գերիների փոխանակում տեղի ունենար, հայկական կողմը չշտապե՞ց ադրբեջանցի բոլոր գերիներին, այդ թվում՝ դիվերսանտներին, անմիջապես, առանց հապաղելու հանձնել Ադրբեջանին, մեր զրուցակիցը պատասխանեց՝ հայկական կողմը պարզապես իրեն դրսևորեց պատշաճ ձևով։

«Խոսում ենք փաստաթղթավորված արձանագրված պայմանավորվածության մասին, մի կողմը պարզապես պատշաճ ձևով խոսքը պահեց, իսկ մնացած հարցերը հակառակորդ մյուս կողմին հասցեագրենք, թե ինչու չի կատարվում։ Հետևաբար՝ համապատասխան միջնորդ երկրին էլ այստեղ որոշակի հարցեր կան, չէ՞ որ երրորդ ուժի հովանու ներքո է այդ պայմանավորվածությունը ձեռք բերվել։ Կարծում եմ՝ միջնորդ կողմն այստեղ ստանձնում է նաև պատասխանատվություն՝ տվյալ գործընթացի երկկողմանի և արդյունավետ իրականացման համար»,- եզրափակեց Արմեն Կապրիելյանը։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից բռնի պահվող հայ ռազմագերիների իրական թիվը հայտնի չէ: Բաքուն պնդում է, թե Ադրբեջանում կալանավորված է 33 հայ ռազմագերի,  Հայաստանի իշխանությունները ևս հաստատում են պաշտոնական Բաքվի տվյալները: Մինչդեռ, ըստ ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի՝ այդ թիվն իրականությանը չի համապատասխանում: ՄԻԵԴ-ում ռազմագերիների հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը տարբեր առիթներով, ինչպես հայկական, այնպես էլ միջազգային հայտնի լրատվամիջոցներին տված հարցազրույցներում ասել է, որ 33 ռազմագերիներից զատ, Ադրբեջանում կարող է լինել ևս 80 գերի:

Տեսանյութեր

Լրահոս