Ալեն Սիմոնյանը Ճապոնիայի ԱԳ նախարարի խորհրդարանական տեղակալին մանրամասներ է փոխանցել Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով առաջացած հումանիտար աղետից
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 2-ին ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական տեղակալ Յումի Յոշիկավային: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։
Համաձայն հաղորդագրության՝ կողմերը փաստել են, որ «երկուստեք շահագրգռված են քաղաքական երկխոսության խորացմամբ, առեւտրատնտեսական կապերի զարգացմամբ եւ մի շարք այլ ուղղություններով համագործակցության ընդլայնմամբ»:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ «երկկողմ փոխգործակցության շրջանակում մեծ է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ պատրաստակամություն հայտնելով առավել խորացնելու միջխորհրդարանական համագործակցությունը, ակտիվացնելու շփումներն օրենսդիր մարմինների միջեւ»:
«Ալեն Սիմոնյանը փաստել է, որ մեր երկիրը մեծապես կարեւորում եւ բարձր է գնահատում Ճապոնիայի կառավարության կողմից առողջապահական համակարգին եւ այլ ոլորտներում շարունակաբար ցուցաբերվող աջակցությունը:
Խոսելով հայ-ճապոնական մշակութային համագործակցության խորացման նախադրյալներից՝ ՀՀ ԱԺ նախագահը հիշատակել է նախորդ ամսին Ազգային ժողովի այգում անցկացված Հանամի տոնը, որը դեռ 2015 թվականից կազմակերպվում է «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության, ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամական խմբի ջանքերով:
Ճապոնացի հյուրի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է փոխանցել Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով առաջացած հումանիտար աղետից՝ շեշտելով, որ ուժի կիրառումը եւ ուժի կիրառման սպառնալիքն Ադրբեջանի քաղաքականության անբաժանելի մասն են եւ նպատակ ունեն էականորեն ապակայունացնելու իրավիճակը տարածաշրջանում ու խաթարելու միջնորդ գործընկերների՝ խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը:
Նա հավելել է, որ չնայած բոլոր մարտահրավերներին` Հայաստանը որդեգրել է ժողովրդավարության ուղին եւ շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին»,- ասված է հաղորդագրության մեջ: