Բաժիններ՝

ԿԳՄՍ նախարարությունն օտարերկրացի երիտասարդներին ներկայացրել է երիտասարդական քաղաքականությանն ուղղված պետական ծրագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ապրիլի 27-ին հյուրընկալվել են «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ուսումնաճանաչողական այցի շրջանակում Հայաստան ժամանած միջազգային երիտասարդական 15 կազմակերպությունների շուրջ 35 ներկայացուցիչներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հյուրերին ընդունել է Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը և ներկայացրել երիտասարդական քաղաքականությանն ուղղված պետական ծրագրերը: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Ղազարյանը:

Ըստ աղբյուրի՝ ապրիլի 22-ից 29-ը նախատեսված այցի շրջանակում միջազգային երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են ունեցել Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների հետ՝ Դիլիջան, Գյումրի, Վանաձոր, Սպիտակ և Երևան քաղաքներում։

Ողջունելով հյուրերին՝ Զարա Ասլանյանը ներկայացրել է երիտասարդական քաղաքականությանն ուղղված պետական ծրագրերը և պատասխանել երիտասարդների հարցերին: Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետի խոսքով՝ Հայաստանում երիտասարդական պետական քաղաքականության հիմքում ընկած է այնպիսի միջավայրի ստեղծումը, որտեղ երիտասարդները կունենան առավելագույն հնարավորություններ.Հանդիպման ընթացքում հյուրերն իրենց հուզող հարցերն են ուղղել Նախարարության ներկայացուցիչներին, հետաքրքրվել Հայաստանում երիտասարդների համար ստեղծված հնարավորություններից, մարտահրավերներից և դրանց լուծմանն ուղղված աշխատանքներից:

«Ցանկանում ենք, որ մեր երիտասարդները հանդես գան որպես ակտիվ և պատասխանատու քաղաքացի, ինքնադրսևորվեն, շարունակաբար զարգանան և ստեղծագործեն, իրացնեն իրենց իրավունքները, կայանան որպես երջանիկ անհատ և քաղաքացի, ինչպես նաև ներդնեն իրենց ներուժը` ի շահ համայնքի, պետության զարգացման ու հզորացման»,- ասել է Զարա Ասլանյանը:

Նա նաև տեղեկացրել է՝ Երևանից դուրս՝ մարզերում, երիտասարդական միջավայր ապահովելու նպատակով մինչև 2026 թվականը նախատեսվում է հիմնել երիտասարդական 25 կենտրոն, որտեղ ինտելեկտուալ ժամանցին զուգահեռ երիտասարդները կբացահայտեն իրենց կարողություններն ու հնարավորությունները:

Նշվում է, որ Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետը նաև հայտնել է, որ ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը, որին մասնակցել են մարզերում գործող երիտասարդական կենտրոնների աշխատողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքապետարանների աշխատակիցներ: Նախատեսվում է խթանել նաև երիտասարդական աշխատանքի և կամավորության համակարգային զարգացումը:

Զարա Ասլանյանն անդրադարձել է նաև «Երիտասարդության մասին» օրենքի մշակմանը, որը նախարարության առաջնահերթություններից է և ոլորտի կարգավորման տեսանկյունից կարևոր պահանջ:

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Ղազարյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր գնահատել ԿԳՄՍ նախարարության ակտիվ համագործակցությունը երիտասարդության ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների հետ: Արթուր Ղազարյանի խոսքով՝ ակնկալվում է, որ տարբեր հասարակական ու համայնքային երիտասարդական կազմակերպությունների հետ հանդիպման արդյունքում օտարերկրյա հյուրերն առավել ընդգրկուն պատկերացում կկազմեն ՀՀ-ում վերջին տարիների ընթացքում երիտասարդական ոլորտի զարգացումների մասին:

Հանդիպման ընթացքում հյուրերն իրենց հուզող հարցերն են ուղղել Նախարարության ներկայացուցիչներին, հետաքրքրվել Հայաստանում երիտասարդների համար ստեղծված հնարավորություններից, մարտահրավերներից և դրանց լուծմանն ուղղված աշխատանքներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս