Հովիկ Աբրահամյանն իրեն 2 չի նշանակել
168.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն լուրերը, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախագահական ընտրություններում մարզում կատարած աշխատանքի համար իրեն 2 է նշանակել, Արագածոտնի ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանը պատասխանեց. «Նման բան չի եղել»:
Իսկ դիտարկմանը, թե ինչո՞ւ են նման լուրեր տարածվել, Ս. Սահակյանը պատասխանեց. «Ինձ չի հետաքրքրում, ես ասում եմ` նման բան չի եղել, անկեղծ եմ ասում: Մեր մարզը հանրապետությունում տվել ա 3-րդ տեղը: 141 տեղամասերից, ենթադրենք, մեկ-երկու տեղ պարտվել ենք, դա ի՞նչ կապ ունի»:
Ինչ վերաբերում է Աշտարակում ՀՀԿ-ական թեկնածուի պարտությանը, մարզպետը կրկին ընդգծեց, որ «ենթադրենք 141 տեղամասերից 1-2 տեղ պարտվել են, դա ի՞նչ կապ ունի»: Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե ինքը գո՞հ է իր աշխատանքից, մարզպետը նշեց. «Ընտրությունները եղել-պրծել են, հետո գնահատական տվողը երկրի նախագահն է»:
Մարզպետ Սահակյանը նաև նշեց, որ ինքը չի պատրաստվում ազատման դիմում գրել, և չի հասկանում` ինչո՞ւ ինքը պիտի ազատման դիմում գրի, եթե հանրապետությունում ընտրությունների արդյունքներով իր ղեկավարած մարզը զբաղեցրել է 3-րդ տեղը: Իսկ հարցին, թե այդ դեպքում հնարավո՞ր է իր աշխատանքի համար ՀՀԿ-ից պարգևատրումներ ստանա, Արագածոտնի մարզպետը պատասխանեց. «Չգիտեմ, չեմ կարող ասել, ես չեմ տիրապետում նման ինֆորմացիայի, չեմ կարող ասել` կպարգևատրե՞ն, թե՞ չեն պարգևատրի: Դա որոշում է երկրի նախագահը»:
Իսկ հարցին, թե օրինակ, ինքը կանխատեսո՞ւմ էր իր ղեկավարած մարզում ՀՀԿ թեկնածուի ստացած ձայները, մարզպետը պատասխանեց. «Ես կանխատեսում էի, որ մեր արած գործերի շնորհիվ ժողովուքրն իմաստուն է, և ձայնը տվեց «Դեպի ապահով Հայաստանին»: