«Տեղ համայնքում տեղի ունեցածի վերաբերյալ բացատրությունները տրամաբանությունից դուրս են». Տիգրան Աբրահամյան
Այսօր ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր խոսքում նշեց, որ անվտանգության համակարգի և դրանում իրականացվող բարեփոխումների արդյունավետության կամ դրա հասցեականության վերաբերյալ կարելի է երկար քննարկել, սակայն մեկ բան հստակ է՝ համակարգի ճկունությունը, արդյունավետությունը, բարեփոխումների նպատակային լինելու ստուգատեսը ճգնաժամային իրավիճակներն են, որում հստակ երևում է, թե կոնկրետ փոփոխությունն իր նպատակին ծառայե՞լ է, թե՞ ոչ:
Տիգրան Աբրահամյանի ելույթի ամբողջական տեքստը՝ ստորև:
«Առաջնագիծն այն ուղղությունն է, որն առաջին հերթին է իր վրա զգում ոլորտային փոփոխությունների արդյունքը կամ հետևանքը՝ համալրումից մինչև մարտական խնդիրների լուծում: Ելույթիս, գնահատականներիս հիմքում առաջնագծում, զորամասերում իրականացրածս դաշտային աշխատանքն է՝ ըստ ծրագրերի ու առաջնահերթությունների:
2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած հարձակումը Հայաստանի Հանրապետության նկատմամբ ընդգծեց այն խոցելիությունը, խնդիրները և չիրացված փոփոխությունները, որոնք առկա էին: Ադրբեջանի նման հարևանի պարագայում սադրանքների, հարձակման, լայնամասշտաբ ռազմական գործողությունների սպառնալիք մշտապես կա, սակայն անվտանգության արդյունավետ համակարգը մի կողմից՝ հնարավորություն է տալիս զսպելու, կանխարգելելու հնարավոր հարձակումները կամ դրանց մասշտաբը նվազեցնելու, մյուս կողմից՝ հավանական հարձակման պարագայում՝ ժամանակին «դիմավորելու» թշնամուն և էֆեկտիվ մարտ վարելու:
Սեպտեմբերյան ագրեսիան ու որպես դրա հետևանք՝ մարդկային և տարածքային խոշոր կորուստները, ցույց տվեցին, որ անվտանգության համակարգն իր գործառույթը չի իրացրել, այսինքն՝ ի վիճակի չի եղել զսպելու, դիմակայելու և մարտական խնդիր պատշաճ լուծելու:
Սեպտեմբերյան մարտերի ինտենսիվությունը, խտությունը, կիրառվող զինատեսակների թիվը շեշտակի տարբերվում էր 2016 թ. ապրիլյան պատերազմի նույնատիպ իրավիճակից, սակայն զոհերի առումով 2022 թվականի զոհերի թիվը 3-4 անգամ ավելի մեծ էր, քան 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների օրերին: Վերջին՝ Տեղ գյուղում տեղի ունեցած մասին միայն մեկ բան կասեմ՝ ՀՀ իշխանությունն Ադրբեջանի հետ ունեցած պայմանավորվածությունների շրջանակներում, դեռ 7 ամիս առաջ գիտեր, որ այդ հատվածում ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհի երթուղու փոփոխություն էր լինելու և նոր բնագծեր տեղակայելու անհրաժեշտություն էր լինելու, և այսօր, իշխանության արդարացումները, թե՝ կանխատեսելի էր Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունների խախտումը, այո՛, թերություններ ունեցել ենք, բայց կարար ավելի վատ վիճակ լիներ, որևէ ձևով տրամաբանության մեջ չեն տեղավորվում:
Անդրադառնամ մի քանի ուղղության և միանգամից սկսեմ առաջնագծից ու միանգամից ֆիքսեմ, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ձևավորված նոր առաջնագիծը Քաշաթաղի ու Քարվաճառի հանձնումից հետո, որն անցնում է ՀՀ 3 մարզերով՝ Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք, ներկայումս ևս մեծ խոցելիություն է պարունակում:
Այստեղ առաջին խնդիրը ոչ թե այդ ուղղությամբ ձևավորված բնագծի խնդիրներն են՝ հաղորդակցման միջոցներից մինչև զինծառայողների անվտանգություն, այլ այն, որ Ադրբեջանը հետպատերազմյան ժամանակահատվածում, տարբեր փուլերով, այդ ճակատում այնպիսի մարտավարական և ռազմավարական տեղակայում է ապահովել, որն ունի գերիշխող կարգավիճակ՝ ինչպես այդ ուղղությամբ տեղակայված մեծ թվով հայկական հենակետների, այլ նաև՝ առաջնագծի ենթակառուցվածքների, կարևոր հանգույցների նկատմամբ:
Չէի ուզենա ասել, թե այդ ուղղությամբ ամրաշինական կառույցներն ու դիրքային տնտեսությունն անհույս վիճակում են, սակայն ի սկզբանե պետք է ֆիքսել, որ Հայաստանի իշխանությունն այս իմաստով ֆունդամենտալ տապալում է արձանագրել, որի պայմաններում Ադրբեջանը հսկայական առավելություն է ստացել, ինչն էլ օգտագործում է՝ ինչպես առօրյա ծառայության, այնպես էլ՝ հնարավոր հարձակումների դեպքում:
Երկրորդ, շատ է խոսվում զինծառայողների կենցաղի ու սոցիալական վիճակի բարելավման անհրաժեշտության և ըստ այդմ՝ զորքերի անհրաժեշտ համալրման մասին: Իշխանությունը, որպես ճանապարհ, ընտրել է զինծառայողների ատեստացիայի ներդրումը, որի հետ կապված դիրքորոշումս առիթ ունեցել եմ ներկայացնելու և հրապարակային, և ՊՆ-ին ուղղված բազմաթիվ գրություններով:
Այս ուղղությամբ բեկում մտցնելու համար անհրաժեշտ էր ոչ թե ատեստացիայի միջոցով հնարավորություն տալ աշխատավարձը կրկնապատկելու, այլ հաշվի առնելով պայմանագրային անձնակազմի մեծաթիվ սոցիալական խնդիրները, բազային ցածր աշխատավարձը, նախ՝ 50 տոկոսով բարձրացնել աշխատավարձը, և նոր միայն՝ մյուս 50 տոկոսը նախատեսել ատեստացիայի համար:
Ժողովրդագրական և բարոյահոգեբանական այսպիսի մակարդակում գտնվող երկրի ու բանակի համար կտրուկ իրավիճակ փոխելու ճանապարհը սա էր:
Երրորդ, վարժական հավաքներ, մարտունակ պահեստազորի ստեղծում: Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքը շատ հստակ սահմանում է, թե ինչ նպատակով են անցկացվում վարժական հավաքները՝ պահեստազորի առաջին խմբում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունները կատարելագործելու և նրանց վերապատրաստելու նպատակով: Մեր երկրում վարժական հավաքներ անցկացվում են մարտական հերթապահության իրականացման համար: Եթե խնդիրը զուտ մարտական հերթապահության իրականացումն է, տեղերում անհրաժեշտ անձնակազմով համալրումը, ապա դրա համար կան այլ լուծումներ, եթե դա անցկացնում եք վարժական հավաքների տակ ու անունը դնում մարտունակ պահեստազորի նախապատրաստում, ապա դրված խնդիրներն ու իրականացված միջոցառումները միմյանց չեն համապատասխանում: Ունե՞նք խնդիր պահեստազորի ուսուցման, վերապատրաստման, ռազմական գիտելիքների կատարելագործման և ըստ այդմ՝ մարտունակ պահեստազոր ունենալու:
Միանշանակ, սա նույնիսկ քննարկման ենթակա չէ, արդյո՞ք օրվա ռեֆորմները կամ անցկացվող միջոցառումները ծառայում են այդ նպատակին, իհարկե ոչ:
Կա՞ առաջնագծում լրացուցիչ համալրումների անհրաժեշտություն, միանշանակ այո: Արդյո՞ք իշխանությունը գնում է այդ ճանապարհով, միանշանակ ոչ:
Չորրորդ, բարոյահոգեբանական անհրաժեշտ վիճակի ապահովում: Դասալիքների, լրտեսների, չարաշահումներով անցնող գործերի առանձին երևույթները զինված ուժերի վրա տարածելը լուրջ բարոյահոգեբանական ճգնաժամ է առաջացրել բանակում: Ի դեպ, վերջերս տարբեր շահարկումների ենթարկված ապրիլյան մարտական գործողությունների օրերին որևէ դասալիք չի եղել: Մեծ առումով, 90-ականների առաջին պատերազմի ժամանակ էլ եղել են բանակից խուսափողներ, սակայն զորակոչվողները հետագայում, որպես կանոն, պատշաճ վարք ու ծառայություն են ապահովել, ու այդ ժամանակ ևս դասալքություն ասվածը չի եղել: Դասալքություն ասվածը վերաբերում է կոնկրետ ոչ թե մեր զինծառայողներին, այլ օրվա քաղաքական իշխանություններին:
Մեկ բան է ծանր հանցագործություն թույլ տված անձին իրավական խիստ պատասխանատվության ենթարկելը, մեկ այլ բան՝ տեղի ունեցող անցանկալի երևույթներն ու հանցագործությունները ողջ զինված ուժերի վրա տարածելը: Մեր երկրում ճիշտ հակառակն է տեղի ունենում. սեփական մեղքերը մեղմելու կամ հանրության ուշադրությունից շեղելու նպատակով իշխանությունն ինքը հարվածներ է հասցնում զինված ուժերին և իր քայլերով լուրջ ճգնաժամ ստեղծում: Որքան էլ սոցիալ-կենցաղային վիճակի, ամրաշինական կամ մեկ այլ ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն, մեկ է՝ դրանք երբեք անհրաժեշտ արդյունավետություն չեն ունենա այնքան ժամանակ, քանի իշխանությունը չի գիտակցում, որ սեփական կաշին փրկելու համար պետության հիմնասյունը որևէ պարագայում չեն սղոցում:
Զինված ուժերում բարեփոխումներ իրականացնելու հիմքն անհրաժեշտ միջավայրն է, գործընթացի նկատմամբ վստահությունը և բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը, առանց որի որևէ լուրջ ռեֆորմ հաջողության հասնելու հնարավորություն չունի:
Այս երեք գործոնները կամ բացակայում են, կամ անհրաժեշտ չափով չեն գործում, ինչի հետևանքով անընդհատ ունենք կորուստներ ու տապալումներ:
Եվս մեկ անգամ հիշեցնում եմ՝ անկախ այն հանգամանքից, թե այս կամ այն պատասխանատուն, իշխանության ներկայացուցիչն ինչ գեղեցիկ բառերով և գունագեղ տեքստերով է ներկայացնում իրենց աշխատանքն ու գործունեությունը, ստուգատեսն առաջնագծում է, իսկ հասարակությունն անընդհատ ականատես է լինում մարդկային և տարածքային խոշոր կորուստների, ինչով էլ պատասխան է տրվում, թե առկա փոփոխությունները ծառայո՞ւմ են իրենց նպատակին, թե՞ ոչ: Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ շեշտել, որ կառավարության առաջնային խնդիրը՝ երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովումն է, ինչն այս կառավարությանն ակնհայտորեն չի հաջողվել: Ավելին, ինքը՝ իշխանությունը, խոստովանում է, որ անվտանգության ոլորտն ամբողջությամբ տապալել է:
Իշխանության լեգիտիմությունը միայն ընտրություններով չի արտացոլվում, այն առաջին հերթին դիտարկվում է կառավարության կենսունակության, արդյունավետության և առաջնահերթությունների կատարմամբ, իսկ այս կառավարությունն իր գլխավոր խնդիրը տապալել է, ինչը բերել է ՀՀ տարածքային և մարդկային հսկայական կորուստների: Սա նշանակում է, որ կառավարությունն ու նրա ղեկավարն այլ բան չունեն, քանի հրաժարական տալու և հեռանալու»:
Մանրամասները՝ տեսանյութում: