Բաժիններ՝

Անգլիայում ամսական ավելի քան 50 փաբ է փակվում էլեկտրաէներգիայի գների աճի պատճառով

Տարեսկզբից ավելի քան 150 փաբ է փակվել Անգլիայում և Ուելսում, և այդ գործընթացն արագացել է էլեկտրաէներգիայի բարձր գների պատճառով:

Altus Group անշարժ գույքի բնագավառի խորհրդատվական ընկերության հաշվարկների համաձայն՝ 2023 թ.-ի առաջին եռամսյակում փակվել է ամսական 51 նման հաստատություն՝ օրական գրեթե 2: Համեմատության համար նշվում է, որ անցյալ տարի Անգլիայում և Ուելսում ամսական միջինը 32 փաբ է դադարել աշխատել, իսկ մեկ տարում դրանց թիվը կազմել է 386: Այսպիսով, Միացյալ Թագավորության այս երկու վարչաքաղաքական մասերում մարտի վերջին դրությամբ փաբերի ընդհանուր թիվը նվազել է մինչև 39 364, ներառյալ այն փաբերը, որոնք դատարկ են կամ վարձակալությամբ են տրվում:

Ըստ The Guardian-ի՝ կա վտանգ, որ իրավիճակն է՛լ ավելի կվատթարանա, քանի որ ապրիլի 1-ից կառավարությունը մեծապես կրճատել է գործարարների համար էլեկտրաէներգիայի ծախսերի փոխհատուցման փաթեթը։ Էլեկտրաէներգիայի սակագները կտրուկ թանկացել են Ուկրաինայի հակամարտության պայմաններում գազի գների բարձրացման պատճառով:

Մեծ Բրիտանիայի Գարեջրի և փաբերի ասոցիացիան արդեն նախազգուշացրել է, որ այս ամսից այդ հաստատությունների համար հոսանքի դիմաց միջին հաշիվը կավելանա տարեկան 18 400 ֆունտով (23 հազար դոլարով): Ասոցիացիան անհանգստություն է հայտնել, որ դա կարող է հանգեցնել 2 000 փաբերի փակման և 25 հազար աշխատատեղերի կրճատման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս