Բաժիններ՝

Շատ ուրախ եմ, որ Հայաստանում նորաձևության ճյուղը զարգանում է

Դերասան Լևոն Շարաֆյանի և դաշնակահար, նվագակցող Ռուզան Մուրադյանի որդին` Միքայել Շարաֆյանը, հագուստի դիզայներ է: Նա մոդելավորում է ֆիլմերի, ներկայացումների, օպերայի, բալետի համար նախատեսված զգեստներ: Հայազգի երիտասարդն այժմ բնակվում և ստեղծագործում է Միացյալ Նահանգներում:

 
– Միքայել, հիշո՞ւմ եք` ինչի՞ց ամեն ինչ սկսվեց: Ինչպե՞ս որոշեցիք ընտրել դիզայների մասնագիտությունը:
– Երբ փոքր էի, մայրս` Ռուզան Մուրադյանը, ինձ հաճախակի տանում էր Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` ներկայացումներ դիտելու: Նա այնտեղ էր աշխատում` որպես բալետի գլխավոր կոնցերտմայստեր: Դա ինձ շատ էր ոգեշնչում, և ամեն անգամ խնդրում էի` ինձ կուլիսներ տանել, որպեսզի ես մոտիկից կարողանայի զգեստները տեսնել: Շատ ժամանակ փորձում էի նկարներիս մեջ վերարտադրել այդ զգեստները, և հետո դրանք նվիրում էի արտիստներին: Երևի թե այս դեպքերը մեծ դեր են խաղացել իմ ապագա մասնագիտության ընտրության համար:
– Դուք պատրաստում եք ֆիլմերի, տեսահոլովակների, օպերայի և բալետի համար նախատեսված զգեստներ: Ո՞ր դեպքում եք կարողանում ավելի բաց աշխատել, որտե՞ղ եք ավելի ազատ զգում:
– Ես տարբերություն չեմ դնում և նույն եռանդով, նույն զգացմունքներով աշխատում եմ ցանկացած ծրագրում: Իմ կարծիքով` ամենն էլ փորձության ենթակա է: Ամեն մեկն իր յուրովի լուծումն ունի, և ամեն անգամ նոր և հետաքրքիր խնդրի առաջ եմ կանգնում: Բոլոր ոճերի մեջ ես ինձ ազատ եմ զգում և շատ եմ սիրում իմ մասնագիտությունը:
– Ամենօրյա կամ երեկոյան հագուստի դիզայնով զբաղվելու մտադրություն չունե՞ք:
– Դա ամբողջությամբ ուրիշ աշխարհ է և ինձ համար` շատ սինթետիկ: Ես նախընտրում եմ համագործակցել ռեժիսորների, դերասանների հետ և ստեղծել մի համընդհանուր ծրագիր, որը կմնա պատմության մեջ: Ապագայում շատ հնարավոր է` այս գործով էլ կզբաղվեմ:
– Դուք Ձեզ համար զգեստ մոդելավորո՞ւմ եք:
– Ինձ համար` ոչ:
– Իսկ հայտնի մարդկանցից ո՞ւմ հետ եք համագործակցել: Ովքե՞ր են եղել Ձեր պատվիրատուները:
– Հայտնի դիզայներներից համագործակցել եմ օսկարակիր Colleen Atwood-ի հետ, միասին աշխատել ենք «Public Enemies» ֆիլմի համար: Համագործակցել եմ նաև Mona May-ի հետ` «Enchanted» ֆիլմի համար, «Էմմի» մրցանակակիր Pete Meneffee-ի հետ` տարբեր շոուների համար: Ինձ համար մեծ պատիվ է եղել նրանց հետ աշխատել: Ամեն մեկից շատ բան եմ սովորել: Ինքս` որպես դիզայներ, աշխատել եմ Eric Roberts-ի, Meat Laof-ի, Jamie Kennedy-ի, Elaine Hendrix-ի, Gil Bellows-ի և շատ ուրիշների հետ:
– Հայ «աստղերի» հետ համագործակցելու ցանկություն չկա՞:
– Ինքս ցանկություն ունեմ և ուրախ կլինեմ իմ ազգակիցների հետ համագործակցել: Չնայած իմ առաջին և միակ համագործակցությունը հայ ռեժիսորի հետ, որի անունը չեմ ուզում հրապարակել, ինձ համար դառը փորձության առիթ դարձավ: Այնուամենայնիվ, մեծ պատրաստակամությամբ կստեղծագործեմ հայազգի արվեստագետների հետ, եթե այդպիսի հնարավորություն ընձեռվի:
Ընդհանրապես ինչի՞ց եք ոգեշնչվում:
– Ես շատ եմ ոգեշնչվում պատկերասրահներ այցելելուց: Ամեն տարի ձեռք եմ բերում օպերայի, թատրոնի աբոնեմենտներ, հաճախակի այցելում եմ Ֆիլհարմոնիա, Կինոարվեստի և Գիտության ակադեմիայում տարբեր հանդիպումների եմ գնում, կամ էլ ուղղակի մի գրքով գնում եմ բնության գիրկը և իմ մտքերի հետ մենակ մնում: Այս ամենը շատ է ինձ ոգեշնչում:
– Հետևո՞ւմ եք հայ դիզայներների աշխատանքներին: Ի՞նչ կարծիք ունեք:
– Որ ասեմ` հետևում եմ հայ դիզայներների աշխատանքներին, սուտ կլինի, բայց ինչ որ տեսնում եմ, շատ եմ հավանում: Շատ ուրախ եմ, որ Հայաստանում նորաձևության ճյուղը զարգանում է:
– Մտածո՞ւմ եք սեփական խանութ կամ բրենդ ունենալու մասին:
– Շատ հնարավոր է, որ մոտ ապագայում այն ձեռք կբերեմ:
– Այս տարիների ընթացքում ի՞նչ դժվարությունների եք հանդիպել:
– Տարբեր տեսակի դժվարություններ են լինում, բայց ես փորձում եմ դրանք հաղթահարել:
– Հայաստանում աշխատելու մասին չե՞ք մտածել:
– Ինձ վերջերս առաջարկեցին Երևանի թատրոններից մեկում առանց վարձատրության մի ներկայացում ձևավորել (միայն ճանապարհածախսը պետք է վճարվեր)` մեկնաբանելով, որ ես «սկսնակ» դիզայներ եմ: Դա շատ ցավալի է, որովհետև ես ինձ սկսնակ դիզայներ չեմ համարում: Միայն այս վերջին 4 տարում ձևավորել եմ 4 լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ, 10 կարճամետրաժ, 2 երաժշտական տեսահոլովակ (որոնցից մեկի համար Հոլիվուդյան կինոփառատոնում (Los Angeles Cinema Festival of Hollywood) արժանացել եմ լավագույն զգեստների ձևավորողի մրցանակին), 1 մյուզիքլ` «Moulin Rouge» (2008 թ. ներկայացվել է նախագահ Բարաք Օբամայի ընտրության անդրանիկ պարահանդեսին), 1 բալետ` «The Nutcracker» (Riverside Ballet, 2010):
Շատ ցավալի է, որ հայերն իրենց արվեստագետներին կենդանության օրոք չեն գնահատում: Հայաստանում ընդունված է, որ 40 տարեկան արվեստագետին կոչում են «երիտասարդ նկարիչ», «երիտասարդ երգահան»: Այս չափանիշով «Rhapsody in Blue»-ի հեղինակ` 26-ամյա Զորջ Գերշվինը պետք է համարվեր սկսնակ երգահան: Իմ կարծիքով` ստեղծագործական աշխարհում չպետք է կիրառվեն այսպիսի չափանիշներ: Եթե լուրջ առաջարկ լինի, ինչպես ասացի, ես ուրախ կլինեմ իմ ներդրումն ունենալ և հայ արվեստի մեջ:
– Իսկ մոտ ապագայում ի՞նչ ծրագրեր ունեք:
– Ապագա ծրագրերի մասին չեմ սիրում զրուցել, բայց հետաքրքիր ծրագրեր կան, որոնց մասին շուտով կիմանաք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս