Քանի տոկոս է հավաքել Չակ Նորիսը
Չակ Նորիս ասելով՝ նկատի ունենք ոչ թե բուն Չակ Նորիսին, այլ նրա հավաքական խորհրդանշական կերպարը, որի մեջ մտնում են Չակ Նորիսը, Չեբուրաշկան, Քիմ Քարդաշյանը և այլ նորահայտ հերոսներ, որոնց անունը քվեաթերթիկների վրա ավելացրել էր ընտրողը։
Այդ «ճշգրտման» արդյունքում քվեաթերթիկներ» անվավեր են դարձել։ Այսինքն՝ որպես Չակ Նորիսի ստացած ձայների քանակ՝ կարելի է ընդունել անվավեր քվեաթերթիկների թիվը։
Հայրենի ընտրողներն առաջին անգամ չէ, որ մասնակցում են ընտրություններին։ Ընտրության գնացողները հիմնականում գիտեն՝ որտեղ նշան դնել, ինչ նշան դնել, և այլն։ Այսինքն՝ քվեաթերթիկների մեծ մասն անվավեր դարձել են ոչ թե պատահաբար կամ չիմացության պատճառով, այլ՝ միտումնավոր։ Ընտրողն այդկերպ արտահայտել է իր վերաբերմունքը՝ հստակ գիտակցելով, որ քվեաթերթիկն անվավեր է ճանաչվելու։ Նա ցանկացել է ցույց տալ, որ թեկնածուներից և ոչ մեկն արժանի չէ իր ձայնին։
Իհարկե, կլինեն նաև պատահաբար անվավեր դարձած քվեաթերթիկներ, սակայն վերը նշված տրամաբանությամբ առաջնորդվող մարդկանց թիվը քիչ չէ։
Եվ այսպես, հանրապետության տարածքում անվավեր քվեաթերթիկների քանակը կազմել է 50988 կամ ընտրությանը մասնակցողների թվի 3.35%-ը։ Սա նշանակում է, որ Չակ Նորիսը երրորդ նախընտրելի թեկնածուն է՝ Սերժ Սարգսյանից և Րաֆֆի Հովհաննիսյանից հետո։
Երևանում Չակ Նորիսն ավելի շատ ձայներ է ստացել։ Ընտրությանը մասնակցած 446 005 ընտրողներից նրան ձայն են տվել 23326-ը (5.23%)։
Ինչպես ասում են, չկա կատակ, որի կեսը լուրջ չէ։
Եվ բոլոր թեկնածուներին՝ ընդդիմադիր, իշխանական թե անհասկանալի, թերևս, չէր խանգարի վերլուծել Չակ Նորիսի ընտրազանգվածի մեծացման պատճառները։