Շարմազանով. «Մենք գնալու ենք միավորման ճանապարհով»

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախօրեին անցկացված ընտրությունները ժողովրդավարական է որակում եւ հերքում է, թե դրանք անցկացվել են վախի մթնոլորտում։

«Հայաստանում այլևս անհերքելի փաստ է ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, եւ այդ իմաստով սրանք գալիս են ևս մեկ անգամ վերահաստատելու, որ իշխանությունը ունի քաղաքական կամք, եւ այս ընտրությունները իրենց որակով հավակնում են լինել լավագույնը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Շարմազանովը։

Իսկ այն հարցի կապակցությամբ` տեսնո՞ւմ են արդյոք ապագայում թեկնածուների հետ համագործակցության եզրեր, Էդուարդ Շարմազանովը հայտարարել է. «Նախ ասեմ, որ հանրապետության նախագահը արդեն հանդես է եկել ուղերձով, որտեղ պարոն նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր մրցակիցներին եւ ասաց, որ իր համար մեծ պատիվ էր մրցակցել Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի եւ Պարույր Հայրիկյանի հետ։ Եվ նա շատ դա բարձր գնահատեց, շնորհակալություն հայտնեց բոլոր իր մրցակիցներին, մեր հասարակությանը, եւ մենք գնալու ենք ոչ թե Հայաստանը բաժան-բաժան անելու ճանապարհով, այլ մենք գնալու ենք Հայաստանը ավելի ուժեղացնելու, ավելի հզորացնելու, ավելի հանդուրժողականություն քարոզելու եւ միավորման ճանապարհով»։

Տեսանյութեր

Լրահոս