Փոստանջյանը հայտնել է, որ ահազանգը ստացել է անհայտ քաղաքացուց

2013 թվականի փետրվարի 17-ին «www.galatv.am» կայքում տեղադրված «5-25 հազար դրամից մինչեւ գունավոր գրիչներ» վերտառությամբ հոդվածում նշվել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Զ. Փոտանջյանն ահազանգեր է ստացել Շիրակի մարզի Սարատակ գյուղում 5 հազար դրամանոց չեքեր ընտրողներին բաժանելու վերաբերյալ եւ որ բաժանվում են նաև գունավոր գրիչներ` հայտնելով, որ ընտրողները պարտավոր են քվեաթերթիկում նշումներ անել միայն այդ գրիչներով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Շիրակի մարզի դատախազի ցուցումով նշված հաղորդումը դարձել է քննության առարկա: ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քնչական բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակներում Զ.Փոստանջյանին առաջարկվել է ներկայացնել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրողի հետ զրույցում հանցագործության մասին հաղորդումը հաստատող նյութերը: Սակայն տիկին Փոստանջյանը հայտնել է, որ նշված տեղեկությունն իրեն հեռախոսով հայտնել է անծանոթ մի քաղաքացի, ով չի ներկայացել, իսկ զանգահարողի հեռախոսահամարն ինքը չի պահպանել:

Բացատրություններ են վերցվել Սարատակ գյուղի գյուղապետ Մ.Ղզրոյանից, ով հայտնել է, որ 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավին ինքը կամ գյուղապետարանից որևէ այլ աշխատակից չի մասնակցել: Բնակիչներին 5000 դրամանոց կտրոններ, գունավոր գրիչներ չեն բաժանվել: Այդ մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Իրենց գյուղում ընտրողների ազատ կամքի արտահայտումը չի խոչընդոտվել, եւ որեւէ մեկը չի ուղղորդել, թե ում օգտին քվեարկեն: Թե ով, երբ, ինչ հանգամանքներում եւ ինչ նպատակով է Զ.Փոստանջյանին նման կեղծ տեղեկություն հայտնել, չի կարող ասել:

Բացատրություններ են վերցվել նաեւ Սարատակ գյուղի մի շարք բնակիչներից, ովքեր հերքել են իրենց գյուղում ընտրողներին 5000 դրամանոց կտրոններ, գունավոր գրիչներ բաժանելու մասին տեղեկությունները` նշելով, որ դրանք կեղծ են եւ իրականությանը չեն համապատասխանում:

Զ.Փոստանջյանի հայտնած տեղեկությունները ստուգելու նպատակով հանձնարարություն է տրվել նաեւ ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնին, որի պատասխանը դեռեւս չի ստացվել:

Տեսանյութեր

Լրահոս