«Արցախին միայնակ թողնել Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններում, նշանակում է՝ վավերացնել Արցախի ադրբեջանացումը». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ հայկական կողմի գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններն Արցախի հարցում ունեն կոնսենսուս։

«Խնդիրն այն է, որ Ադրբեջանի հրապարակած 5 սկզբունքները և Հայաստանի, այսպես ասած, լրացումներն ըստ էության ցույց են տալիս, որ եթե նույնիսկ լինի խաղաղության պայմանագրի ավարտը, և ինչպես Ադրբեջանի նախագահն էր նշում՝ լինի բեկում, ապա սա ըստ էության Ադրբեջանի համար կլինի բանակցությունների բարեհաջող ավարտի արձանագրում։ Այն, ինչի մասին բանակցում են, կամ նվազագույնը, այն, ինչը հրապարակայնացվում է, դա որևէ ձևով չի շոշափում Հայաստանի և Արցախի շահերը։ Միայն այն հանգամանքը, որ ինքնորոշման իրավունքի սկզբունքը դուրս է թողնվել բանակցություններից, դրա մասին դեռևս մեկ տարի առաջ հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը և ասում էր, որ նշաձողն իջեցվել է բանակցային գործընթացի, և ինքնորոշման իրավունքն իր տեղը զիջել է պարզապես «Արցախում ապրող հայերի իրավունքների և ազատությունների» օրակարգի։ Սա ինքնին ցույց է տալիս, որ հայկական կողմը որևէ դրական ակնկալիք չի կարող ունենալ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տիգրան Աբրահամյանը։

Նրա բնորոշմամբ՝ Հայաստանն ասում է, որ Արցախն ու Ադրբեջանը պետք է բանակցեն, սակայն ի սկզբանե բանակցությունների հիմքում դնում է մոտեցումներ, որոնք հակասում են՝ ինչպես  Արցախի ազատագրական պայքարի սկզբունքներին, որովհետև այդ պայքարն Արցախի ինքնորոշման շուրջ է եղել, իսկ ինքնորոշման իրավունքի սկզբունքն  ամրագրված է  եղել նաև Մադրիդյան փաստաթղթում և 2018 թվականին եղել բանակցությունների առարկա։

«Հիմա Հայաստանի իշխանությունները փաստացի Արցախի ինքնորոշման իրավունքը դուրս են բերել բանակցային գործընթացից։ Թեման բացառապես քննարկվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Հիմա այս պայմաններում Հայաստանն ըստ էության ասում է՝  ես դուրս եմ գալիս և Արցախին միայնակ  թողնում եմ Ադրբեջանի առաջ։ Հիմա պատկերացրեք իրավիճակ, երբ ինքնորոշման իրավունքի սկզբունքն ամբողջությամբ հանված է, Ադրբեջանը բանակցությունների գործընթացում Արցախի առջև դնում է  բացառապես Արցախում ապրող մարդկանց իրավունքների խնդիր։ Այս պայմաններում Արցախին միայնակ թողնել Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններում, նշանակում է՝ պարզապես վավերացնել Արցախի ադրբեջանացումը»,- եզրափակեց Տիգրան Աբրահամյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս