«Երբեք չեմ գոռացել՝ Նիկոլ վարչապետ, էս էր քո ապագան՝ երեխեքը փողոցում…». ՊՆ նախկին շենքի բնակիչ

«Պարոն վարչապետ, դու սև իկրա ուտելով՝ ման ես գալիս, իսկ մեր երեխեքը վառվող անվադողերի սև ծուխն են հացի վրա ուտում»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ նախկին շենքի բնակիչներից մեկը:

Նրանք վրդովված են, որ 10 օր գտնվելով փողոցում՝ իշխանության որևէ ներկայացուցիչ այդպես էլ չգնաց իրենց հետ հանդիպելու, հետաքրքրվելու բնակիչների խնդրով, լուծում գտնելու: Դրա փոխարեն, ինչպես ասում են անօթևան բնակիչները՝ Փաշինյանն ու իր տիկինը ժամանակ ունեն զբոսնելու և իրենց ուտելիքներով լուսանկարները հրապարակելու սոցիալական ցանցերում.

«Հարգելի՛ պարոն վարչապետ, խոսքս ուղղում եմ ձեզ, դուք մեր վիճակը շատ լավ եք տեսնում, մենք էլ ձեզ ենք շատ լավ տեսնում: Դուք ոնց որ ծիծաղաք էս ժողովրդի վրա, ձեր բերաները բացած կուկուռուզ եք ուտում ու նկարվում, առանց ամաչելու էլ գցում եք ձեր էջերում, ուղղակի կխնդրեմ, որ մի հատ մեր երեխաների վիճակը նայեք, էս երեխեքը ինչքան ժամանակ է կուկուռուզ էլ չեն կերել, նորմալ չեն էլ սնվել, ոչ թե, որ մենք սնունդ չունենք, փառք Աստծո, մենք կարողանում ենք մեր սնունդը մեզանով ապահովել, ուղղակի երեխեքն էլ սիրտ չունեն… Դուք խիղճ չունեք, ձեր մեջ մի փոքր մարդկություն չկա՞, խիղճ չկա՞: Ձեր տիկնոջ հետ բերաններդ բացած կուկուռուզ ուտելուց ու նկարվելուց առաջ մտածեք, որ մեր երեխաներն էլ կարողանան ցամաք հաց ուտեն, բայց սպիտակ հաց, ոչ թե սևացած»:

Քաղաքացին հիշեց 2021 թվականին ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանի կարգախոսը՝ «Ապագա կա», ասաց՝ երբեք չի հավատացել Փաշինյանի խոսքերին ու նրան չի ընտրել.

Կարդացեք նաև

«Փառք Աստծո, ո՛չ գոռացել եմ, ո՛չ ընտրել եմ քեզ, այստեղ եմ ապրում, հարցեր ունենաս ինձ տալու, խնդրեմ, համեցեք մեր վրանի տակ, ձեր հարցերին կպատասխանեմ: Երբեք չե՛մ գոռացել՝ «Նիկոլ վարչապետ», ու չեմ էլ գոռալու, որովհետև ես գիտեի՝ ապագան ոնց է լինելու, ես այդ ժամանակ ձեր ասած ապագան տեսնում էի, թե ինչ է լինելու: Է՛ս էր մեր ապագան՝ երեխեքը փողոցում, ո՛չ դպրոց հաճախեն, ոչ մի տեղ չգնան, փողոցում ապրեն: Էս քո ապագան կցանկանամ քեզ ու քո երեխաներին, որ այս ապագայով քո երեխաներն էլ ապրեն»:

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել նախարարությանը: Այնտեղ երկար տարիներ տեղավորվել և ընտանիքներով ապրում էին պատերազմի մասնակիցներ, զոհված զինծառայողների հարազատներ, որոնք տուն չունեն:

Փետրվարի 16-ի վաղ առավոտյան մի քանի ավտոբուսով ոստիկանները գնացել էին ՊՆ նախկին շենք և ՊԵԿ-ի գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այնտեղ ապրող  մարդկանց դուրս հանել։

Հիշեցնենք նաև, որ 1 տարի առաջ էր Կառավարությունը որոշել Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող շենքն ամրացնել Պետեկամուտների կոմիտեին (ՊԵԿ), որպեսզի արդեն 2027թ.-ին այստեղ տեղակայվեն կոմիտեի բոլոր ստորաբաժանումները: Գործադիրը հիմնավորել էր, որ պետությանը պատկանող և անտարբերության մատնված կառույցը քայքայվում է:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս