«Սուրմալու»-ի տնօրենը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող՝ 2021 թ. ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և 2022 թվականի օգոստոսի 14-ին նույն առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և փլուզման դեպքի առթիվ նախաձեռնված և միացված քրեական վարույթի շրջանակում 2023 թ. փետրվարի 22-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրեն Ի. Մ.-ն ձերբակալվել է։
Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, դատախազի կողմից հարուցված քրեական հետապնդման հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից վերջինիս նույն օրը մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով և 457-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը և փաստաթուղթ կեղծելը:
Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ Ի.Մ.-ի նկատմամբ 2 ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
Նշված վարույթի շրջանակում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ՝ «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրենը, փոխտնօրենը և 3 տնտեսվարողները, որոնց պահեստային տարածքում առաջացել է պայթյունը: Ներկա պահին արգելանքի տակ է գտնվում մեկ անձ։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: