Մտածելը վտանգավոր է իշխանության համար

Մեր հանրային-քաղաքական դիսկուրսի հիմնարար թերություններից մեկը դրանում քննադատական մտածողության գրեթե իսպառ բացակայությունն է՝ այդ հասկացության անգամ ամենալայն իմաստով։

Մեր իրականության մեջ քննադատական մտածողությունը ըստ էության նույնացել է պարզամիտ քննադատության հետ, այն դեպքում, երբ դրանք բովանդակորեն տարբեր երևույթներ են։

Քննադատական մտածողությունը՝ որպես մտածողության մեթոդ, հիմնվում է փաստերի, դրանց համադրման, վերլուծությունների, հակառակ տեսակետների քննարկման, լայն իմաստով՝ բանականության վրա։ Մինչդեռ սովորական քննադատության հիմքում ընկած են առավելապես զգացմունքայնությունը, հույզերը, ապրումները, որոնք որքան էլ կարևոր, այդուհանդերձ պակաս ռացիոնալ են, քան բանականությունից բխող դատողությունները։

Ընդ որում, եթե իրական քննադատական մտածողության համար կարևոր է առաջին հերթին ինքնաքննադատությունը (ինչն էապես բարձրացնում է նաև անհատական ու հավաքական պատասխանատվության մակարդակը), ապա սովորական քննադատության պարագայում կարևորը թիրախն է, անհատը, անհատների խումբը, երևույթը, որը ենթարկվում է քննադադատության։ Եվ եթե առաջինի դեպքում պարտադիր են փաստերն ու միայն դրանց վրա հիմնված հետևությունները, ապա քննադատության համար բավարար են պիտակները, վիրավորանքը, հայհոյանքը, դիմացինին այս կամ այն արատավոր խմբին դասելը  և այդպես շարունակ։

Կարդացեք նաև

Ընդհանուր առմամբ, քննադատական մտածողությունը մտածողության բովանդակային, գործառնական տեսակ է, իսկ քննադատությունը՝ առավելապես մակերեսային, կաղապարված զբաղմունք։ Առաջին հայացքից տեսական թվացող այս տարբերությունները պետության ու հանրային կյանքում իրականում չափազանց կարևոր, խիստ գործնական նշանակություն ունեն։

Խնդիրն այն է, որ հենց այդ տարբերություններն են պայմանավորում այն օրակարգերի բովանդակությունը, որակը, որոնցով ապրում է պետությունը ու հասարակությունը։

Մենք ահա, մեր պետական ու հանրային կյանքը կառուցում ենք մակերեսային դատողություններով, առավելապես քարոզչական կաղապարներով՝ տուրք տալով հիմնականում էմոցիաներին և առավել նվազ չափով օգտագործելով միտքը, բանականությունը։ Իսկ դա հանրային, քաղաքական միավորներին, ընդհանուր առմամբ մտավոր շերտին զրկում է երևույթների, իրադարձությունների պատճառահետևանքային կապերը հասկանալու, ընկալելու և համարժեք գնահատելու ու դրա հիման վրա ռացիոնալ հետևություններ կատարելու, և արդեն որպես հետևանք՝ փաստարկված որոշումներ կայացնելու հնարավորությունից։

Փոխարենը՝ առաջնորդվելով  պարզամիտ քննադատությամբ, մենք ստանում ենք քարոզչական աղմուկ, գուցե կարճաժամկետ քաղաքական դիվիդենտներ, հավանումներ սոցկայքերում, բայց ոչ երբեք՝ իմաստային, բովանդակային այնպիսի հենք, որը հնարավորություն կտա իրապես հասկանալ ու գնահատել պետության առջև ծառացած մարտահրավերները և միայն դրա հիման վրա փորձել գտնել հաղթահարման ուղիներ, կազմել ծրագրեր ու ճանապարհային քարտեզներ։

Հասկանալի է, որ քննադատական մտածողությունն ամենաշատը վտանգավոր է գործող իշխանության համար, որովհետև դրանով առաջնորդվելու դեպքում կպայթեն բոլոր այն քարոզչական փուչիկները, որոնք դեռևս ապահովում են իշխանության նկատմամբ հանրության գոնե լոյալ վերաբերմունքը։

Բայց մեր ամենամեծ խնդիրն այն է, որ քննադատական մտածողությունից զուրկ է ոչ միայն իշխանությունը, այլ նաև գրեթե բոլոր նրանք, ովքեր իրենց հռչակում են՝ որպես այս իշխանության ու դրան նպաստող երևույթների դեմ պայքարողներ։

Նրանց մեծ մասին Նիկոլ Փաշինյանի հետ միավորում է մակերեսայնությունն ու կաղապարվածությունը, հատկանիշներ, որոնք գուցե օգտակար են լավ վաճառվող դեղին մամուլ հրատարակելու համար, բայց կործանարար են պետության կառավարման պարագային։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս