Բաժիններ՝

Հայ փրկարարներն ավարտել են իրենց առաքելությունը Սիրիայում

Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը փետրվարի 13-ին ավարտել է Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում ծավալած որոնողափրկարարական աշխատանքները։ Փետրվարի 14-ին հայ փրկարարները ժամանել են Հայաստան: Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

«Նրանց դիմավորեցին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:

Օդանավակայանում դիմավորելով փրկարարներին, Կամո Ցուցուլյանն անձամբ իր և Ներքին գործերի նախարարի անունից շնորհակալություն հայտնեց փրկարարներին՝ կատարած աշխատանքի և անձնուրաց ծառայության համար:

Աղետի գոտում շուրջ 7 օր տևած որոնողափրկարարական գործողությունների արդյունքում միջազգային որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը՝ համագործակցելով տեղի աջակցող և միջազգային այլ թիմերի հետ, փրկարարական տարբեր միջոցների կիրառմամբ փլատակներից դուրս բերեց զոհերի մարմիններ, տեղում իրականացրեց լայնածավալ որոնողական, առաջին բուժօգնության, կինոլոգիական խմբերով աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հալեպում գտնվելու կարճ ժամանակահատվածում հայ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներին զուգահեռ տեղի հայ համայնքի համար կազմակերպել և անցկացրել են ուսուցողական դաս՝ «Ինչպե՞ս գործել երկրաշարժի դեպքում» թեմայով:

Հայկական թիմի ղեկավարությանն ընդունել է Հալեպի նահանգապետը, ով իր երախտագիտությունն է հայտնել հայ փրկարարներին և նրանց հանձնել Հալեպի նահանգապետարանի շնորհակալագիր՝ ցուցաբերած աջակցության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս