«Մի դրվագ պատմեմ, որի մասին չեմ բարձրաձայնել». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը 2018թ. իշխանազավթումից հետո Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների առաջին արտասահմանյան այցից՝ Թիֆլիսում ունեցած հանդիպումներից հետաքրքիր դրվագ է բացահայտել.
«2018-ի իշխանազավթումից հետո Նիկոլ Փաշինյանն իր առաջին արտասահմանյան այցը կատարեց Թիֆլիս և պետականամետ մարդկանց ջանքերով ինձ ներառեցին այդ պատվիրակության մեջ որպես խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ։
Հենց այդ պահից անձամբ ականատեսն եմ եղել Հայաստանն այդ թվականից այլևս ներկայացնող մարդկանց ինտելեկտուալ, դաստիարակչական, աշխարհաքաղաքական սնանկությանն ու թշվառությանը։ Մասնավորապես, ընդլայնված կազմերով կառավարությունների պատվիրակությունների նիստն էր, որին նաև ես էի մասնակցում։
Վրացական կողմը, սկսած վարչապետից, բովանդակությամբ շատ լավ էր պատրաստվել։ Հնչեցին բազմաթիվ խնդիրների մասին վերլուծություններ, առաջարկներ, այդ թվում՝ տարածաշրջանային լոգիստիկայի, չինական «մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի վերաբերյալ, տարածաշրջանային ինտեգրացիայի հետ կապված։ Վրաստանի արտգործնախարարը շատ կոշտ, բայց իրենց համար ռացիոնալ ներկայացրեց իր երկրի տեսակետը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին։
Այս ամենին Հայաստանը ներկայացնող կողմը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյան, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան, էլ չասեմ վարչապետ Նիկոլ Փաշինյան, պատրաստ չէին, բովանդակային, համարժեք, ինտելեկտուալ լուրջ զրույց չէր ստացվում:
Այդ քննարկումների ժամանակ անգամ Նիկոլը զգաց, որ հայկական կողմը «պարտվում» է և թեպետ քիչ հեռու էի իրենից նստած, կարողացա լսել՝ «կարո՞ղ է խոսես, Արմեն»՝ ասվածն այն հույսով, որ ես կփորձեմ վերացնել վրացական կողմի պատրաստվածության և մեր կողմի սնանկության առաջացրած նստվածքը։
Ես մերժեցի՝ ընդգծելով, որ կառավարությունների հանդիպում է, իմ խոսելը ճիշտ չի, ես կխոսեմ ԱԺ-ում։
Այս դրվագը իմ աչքերում վերջնական խաչ դրեց բոլոր այն սին պատրանքների, հույսերի ռոմանտիկ պատկերացումների, որ Նիկոլ Փաշինյանի օրոք հնարավոր է ունենալ էլ ավելի լավ, էլ ավելի ապահով, էլ ավելի արժանապատիվ Հայաստան»,-գրել է նա։