«Մեղավորափնտրության գործում Նիկոլը կարող է հասնել ընդհուպ մինչև առաջին հանրապետության ռազմական նախարարներին»
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի և Հայաստանի հսկայական տարածքները թշնամուն թողնելու և պետության ինքնապաշտպանությունը ձախողելու խնդիրը մնացել ու մնալու է այս իշխանությունների պատասխանատվության վրա և դա նրանք շատ լավ են գիտակցում:
Ինչո՞ւ եմ վստահ, որ գործող կապիտուլյանտները դա լավ են գիտակցում: Ցավալի կորուստներով խայտառակ պատերազմից հետո, նրանց կողմից՝ քրեաիրավական շինծու գործիքակազմով և կեղծ տեղեկատվական ուղղեկցությամբ իրականացվող քաղաքակական բռնաճնշումներն ուղղված են բոլոր այն մարդկանց դեմ, ովքեր առընչություն են ունեցել ԶՈՒ հետ:
Այսինքն՝ բոլոր նրանց դեմ, ովքեր հայկական բանակի կազմավորման և կայացման հարցում ունեցել են մեծ կամ փոքր ներդրում, ինչպես նաև Արցախյան առաջին և ապրիլյան պատերազմներում արձանագրել են հաղթական արդյունքներ: Այդ ֆոնի վրա գործող ինքնակապիտուլյացված ռեժիմը, հայ հասարակությանը պետք է “հետևողականորեն համոզի”, որ պատերազմում և քաղաքական դաշտում պարտված “իշխանությունները” մեղավոր չեն: Իսկ բոլոր նրանք, ովքեր բավարար չափով տեղեկացված են և ապագայում կարող են հիմնավոր կերպով ապացուցել այս իշխանությունների ռազմա-քաղաքական դավադրություններն ու պարտության պատճառները՝ այսօրվանից նշանակվում են որպես անուղակի “ մեղավորներ”:
Ստեղծված իրավիճակում, գործող բանակը միակ կառույցն է, որի վրա հենված է Հայաստանի անկախ պետականությունը: 26 տարի շարունակ հայկական բանակն իրական պաշտպան է եղել մեր ժողովրդի համար, և հիմա էլ եթե թշնամին ինչ-որ հարցերում զգուշանում է Հայաստանից՝ դա ոչ թե ՀՀ կապիտուլյանտ իշխանությունների, այլ բացառապես ազգային բանակի և ազգային շահերը գիտակցող քաղաքացիների շնորհիվ է:
Ալիևը մեծ հաճույքով հաշվեհարդար կտեսներ բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր պատերազմի դաշտում և քաղաքական պայքարում անընդհատ ճնշած վիճակում են պահել Ադրբեջանի նվաճողական ախորժակը: Տարբեր շինծու պատրվակներով քրեաիրավական հետապնդման ենթարկելով Արցախյան շարժման և Բանակի կայացման հետ կապ ունեցող մարդկանց՝ Նիկոլը և Իլհամն անում են գրեթե նույն բանը: Պատահական չէ, որ նրանց պայքարը ոչ թե սոցիալական, տնտեսական կամ այլ ոլորտների նախկին պատասխանատուների դեմ է, այլ հենց ռազմա-քաղաքական ոլորտի՝ որտեղ նախկին բոլոր իշխանության տարիներին Հայաստանը եղել է ուժեղ և անխոցելի:
Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի, Միքայել Հարությունյանի, Սեյրան Օհանյանի, Վիգեն Սարգսյանի, ինչպես նաև տասնյակ պաշտոնաթող գեներալների դեմ հարուցված տարատեսակ «գործերն» ուղիղ հարված են ՀՀ ռազմա-քաղաքական հաջողված անցյալին, ինչպես նաև անհաջող փորձեր են՝ ներկա ապաշնորհ և դավադիր կապիտուլյացիան փարատելու համար:
Նիկոլի համար սեփական կոմֆորտից կարևոր՝ այլ «արժեքներ» գոյություն չունեն: Ես գրեթե համոզված եմ, որ անհրաժեշտության դեպքում, իր սեփական պատասխանատվությունը շրջանցելով՝ նա պատասխանատվություն է բարդելու նաև տարածքային կորուստներ տված Վաղարշակ Հարությունյանի, Արշակ Կարապետյանի և Սուրեն Պապիկյանի վրա: Գրեթե նույն կերպ, ինչպես արվել է Դավիթ Տոնոյանի պարագայում:
Մեղավորափնտրության գործում Նիկոլը կարող է հասնել ընդհուպ մինչև առաջին հանրապետության ռազմական նախարարներ Դրաստամատ Կանայան, Ռուբեն Տեր-Մինասյան, Քրիստափոր Արարատյան և Հովհանես Հախվերդյան: Միայն թե ՀՀ խաբված քաղաքացիները մի օր գլխի չընկնեն, որ այսօրվա ողբերգության միակ հեղինակը՝ Նիկոլ Փաշինյանն է:
Հայտնի խոսք է՝ հաղթողներին չեն դատում, իսկ պարտվողները միշտ կանգնում են պատասխանատվության առաջ: Վստահ եմ, որ հարուցված բոլոր շինծու գործերը վաղ թե ուշ փլվելու են, կարճվելով ու արդարացվելով: Ժամանակը բուժում է բոլոր վերքերը, իսկ ժամանակը ոչ միայն լավ բժիշկ է, այլ նաև ամենալավ ուսուցիչն է:
Հ. Գ. Ինչ վերաբերում է Սեյրանի Օահնյանի և Վիգեն Սարգսյանի դեմ հարուցված գործերին, ապա որքան տեղեկացված եմ գործի հանգամանքներից, երկու նախարարներն էլ գործել են բացառապես իրենց իրավասության շրջանակներում և չեն կատարել գործողություններ, որոնք հակասեն ՀՀ ԶՈՒ շահերին և պետության պաշտպանական քաղաքականությանը: Առավել ծանոթ լինելով Վիգեն Սարգսյանի գործողությունների մոտիվներին, կարող եմ ասել, որ իր փոխարեն ես էլ լինեի՝ կանեի նույնը և երբեք չէի զղջա, որ իմ իրավասության շրջանակներում բնակարան եմ հատկացրել նրանց, ովքեր վաստակ են ունեցել պետության առջև և գնահատելի ծառայություններ են մատուցել ՀՀ Զինված ուժերին»: