Կարմիր Խաչի ուղեկցությամբ Արցախից ևս 3 հիվանդ է տեղափոխվել Հայաստան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ այսօր՝ հունվարի 27-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ինչպես տեղեկանում ենք առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, հիվանդների ախտորոշումներն են՝ «Ստամոքսի անտրալ հատվածի քաղցկեղ` ռեգիոնար լիմֆատիկ հանգույցների ախտահարումով», «Ձախ կրծքագեղձի քաղցկեղ» և «Զույգ ծնկների վալգուսային դեֆորմացիա, վիճակ հեմիէպիֆիզեոդեզից հետո» ախտորոշում:
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 9 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 13 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 49 հիվանդ։

Տեսանյութեր

Լրահոս