Ադրբեջանի մինիմալ և մաքսիմալ պլանները. Սոթք-Խոզնավար հատվածում հարձակման պլացդարմի ստեղծում, Սիսիան-Գորիս հատվածի վերահսկում, Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշում

Ավելի քան 40 օր է՝ Արցախը գտնվում է շրջափակման, հումանիտար ճգնաժամի մեջ, ադրբեջանական կողմը պարբերաբար խափանում է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, լուրջ խնդիրներ կան էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված, սննդամթերքի, ներդրված է կտրոնային համակարգ:

Եվ այս իրավիճակում, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի դիտարկմամբ, շատ կարևոր է, որ Արցախի իշխանությունների նկատմամբ քաղաքացիների վստահությունը մեծանա, և ոչ թե հակառակը:

«Իսկ ինչ է տեղի ունենում, տարբեր աղբյուրներից տեղեկանում ենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, այսինքն, այս մասին իմանում ենք սկզբում 3-րդ, 4-րդ կողմերից, նոր միայն պաշտոնական հաստատում է լինում, որ նման հանդիպում եղել է: Նման վերաբերմունքը արցախահայության շրջանում անվստահության մթնոլորտ է ստեղծելու, ինչը կարող է բերել վատ հետևանքների:

Երկրորդ՝ արցախյան իշխանությունների կողմից հստակ մեսիջ է գալիս, որ ՀՀ իշխանությունները ձեռքները լվացել են, և իրենք են իրենց գլխի ճարը տեսնելու:

Մյուս կողմից, տարբեր ոչ իշխանական քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ հայտարարում են, որ աջակցելու են Արցախին, և նա չի լինելու Ադրբեջանի կազմում, սակայն այս խմբերը տեղյակ չեն՝ ինչ անելիքներ կան, ինչ պետք է արվի, կազմակերպված, ուղղորդված աշխատանք տեղի չի ունենում: Մենք ավելի շատ ինքնակազմակերպվում ենք, քան մեզ ասում են՝ ինչ պետք է անել»,- լրագրողների հետ հանդիպմանը նշել է Վիտալի Մանգասարյանը:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական կոնֆլիկտին, ռազմական փորձագետն ասել է, որ պաշտոնական տվյալներով մոտ 140 քկմ տարածք է Ադրբեջանը օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից, և հիշեցրել Ալիևի հայտարարությունը, որ ինքն է որոշելու, թե որտեղով է անցնելու Հայաստան-Ադրբեջան սահմանը:

«Սա նշանակում է, որ իրենց պլաններում ոչ միայն Սոթք-Խոզնավար հատվածում տեղակայվելն է, այլ առնվազն միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակն այն է, որ Սոթք-Խոզնավար հատվածում տեղակայված իրենց բարենպաստ դիրքերի հաշվին պլացդարմ ստեղծեն հետագա առաջխաղացման համար: Մենք շատ լավ հասկանում ենք ռազմավարական տարբեր բարձունքներ գրավելու իմաստը՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրներ լուծելու համար: Ուզում են առնվազն վերահսկեն ռազմավարական կարևոր ճանապարհ դեպի Սյունիք՝ Սիսիան-Գորիս հատվածում: Սա դեռ նրանց մինիմալ խնդիրն է, ո՞րն է մաքսիմալը, դա, ըստ Ալիևի, որ իրենք կնստեն և կորոշեն՝ որտեղով պետք է անցնի Հայաստան-Ադրբեջան սահմանը»,- մանրամասնել է ռազմական փորձագետը:

24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման ժամանակ ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով Ազատ գյուղի տներից մեկում տեղակայված ինժեներասակրավորային վաշտում տեղի ունեցած ողբերգական դեպքին, պնդել է, որ զորքի տեղակայումը գյուղի տներում կորուստներից խուսափելու համար էր, մեծ զորանոցներում չպետք է լինեն:

Հովհաննիսյանի համոզմամբ, քննարկման ենթակա չէ այն ճշմարտությունը, որ զորքը այլևս պետք է ապակենտրոնացման ենթարկվի, և դա ճիշտ որոշում է։

Փորձագետի պնդմամբ, նախկին հարմարավետ, մեծ զորանոցները, որոնց վրա մենք միլիարդներ էինք ծախսել, այլևս կենսունակ չեն, քանի որ մի հարվածով հնարավոր է դրանք շարքից հանել։

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի դիտարկմամբ, սրանում, թերևս, տրամաբանություն կա, բայց հարց՝ ո՞ր պահից հասկացանք, որ պետք է ապակենտրոն զորք ունենալ:

«Այն պահից, երբ 2022 թվականի սեպտեմբերին թշնամին հարվածեց մեր այդ զորամասերի՞ն: Այսինքն, մենք չէի՞նք կանխատեսում, որ հնարավոր է՝ թշնամին նման ոտնձգություն անի, և մենք 1-2 քայլ առաջ մտածեինք, մեր մարտավարությունը մշակեինք, որպեսզի ավելի ապահով լիներ ամեն ինչ:

Փաստորեն մենք չենք կարողանում պաշտպանել մեր մշտակայման վայրերը, նույն տրամաբանությամբ Երևանի զորամասերն էլ պիտի ապակենտրոնացնել, ո՞վ է ասում, որ Ջերմուկից մինչև սահման եղած հատվածը թշնամին կարող է հաղթահարել, բայց Էջմիածնի և Երևանի զորամասերը, այդ հեռավորությունը չի կարող: Մենք խնդիր պիտի ձևակերպենք՝ մշտական տեղակայման վայրերը պաշտպանել»,- շեշտել է ռազմական փորձագետը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս