Բաժիններ՝

Լեհաստանը Leopard տանկերն Ուկրաինա արտահանելու թույլտվության համար պաշտոնապես դիմել է Գերմանիային

Լեհաստանը պաշտոնապես Գերմանիայից թույլտվություն է խնդրել Leopard 2 մարտական տանկերն Ուկրաինային մատակարարելու համար:  Գերմանիայի կառավարությունը BBC-ին հայտնել է, որ Բեռլինը Վարշավայից ստացել է դիմում՝ գերմանական արտադրության 14 տանկ Կիև արտահանելու հարցով:

Ըստ լրատվամիջոցի՝ վերջնական որոշումը պետք է կայացնի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

Ուկրաինան գերմանական տանկերը վճռորոշ է համարում ռուսական գծերը ճեղքելու և առաջնագծում հաջողություն ունենալու համար:

Leopard 2 տանկերը հատուկ նախագծված են ռուսական T-90 տանկերի հետ մրցակցելու համար. ռուսական ուժերը հենց այս տանկերն են օգտագործում ռազմական գործողությունների ընթացքում։ Սակայն գերմանական օրենսդրության համաձայն՝ այն երկրները, որոնց սպառազինության մեջ գերմանական արտադրության զենք կա, իրավունք չունեն դրանք վերաարտահանել մարտական գործողությունների գոտի՝ առանց Գերմանիայի կառավարության համաձայնության։

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հույս է հայտնել, որ Գերմանիան արագ կպատասխանի հարցմանը, ինչպես նաև Բեռլինին մեղադրել է հարցը ձգձգելու մեջ: Նա միևնույն ժամանակ նշել է, որ Լեհաստանը Եվրոպական Միությանը կխնդրի փոխհատուցել Ուկրաինա ուղարկվող տանկերի արժեքը:

BBC-ն նաև հաղորդում է, որ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Բեռլինը դաշնակից երկրներին «խրախուսում է ցանկության դեպքում սկսել վերապատրաստել ուկրաինացիներին», որպեսզի նրանք կարողանան օգտագործել Leopard 2 տանկերը:

Գերմանիան բազմիցս նշել է, որ գերմանական տանկերը Կիևին մատակարարելու թույլտվություն կտա միայն այն պայմանով, եթե ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրի իր M1 Abrams տանկերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս