ԵԽ բանաձևը կրում է Արևմուտք–ՌԴ աշխարհաքաղաքական բախման դրոշմը. Արմեն Աշոտյան. Sputnik Արմենիա

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով` ԵԽ բանաձևի վրա դրոշմ է դրել առնվազն իրավիճակի հետ անուղղակիորեն շաղկապված երկու գործոն։ Եվրախորհրդարանի բանաձևում կա մի կարևոր բան, որն արմրագրված չէ նույնիսկ ՀՀ Ազգային ժողովի տեսակետներում։ Դա այն է, որ ԵԽ–ն ղարաբաղյան կոնֆլիկտի վերջնական հանգուցալուծման համար հղում է անում Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին, որոնց մեջ է նաև ազգերի ինքնորոշման իրավունքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Վերջին շրջանում բազմաթիվ երկրների օրենսդիր մարմիններն ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ հանդես են եկել դատապարտող հայտարարություններով, իսկ Եվրախորհրդարանը հունվարի 19-ին Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքների մասին հրատապ բանաձև է ընդունել։
«Եվրախորհրդարանի բանաձևում կան հետաքրքիր շեշտադրումներ, որոնք հայկական դիվանագիտության կողմից, եթե այդպիսին իրականում ունենայինք, անգամ այս իրավիճակում հնարավոր էր օգտագործել։ ԵԽ բանաձևի վրա դրոշմ է դրել առնվազն իրավիճակի հետ անուղղակիորեն շաղկապված երկու գործոն։ Մեկն առնչվում է եվրոպական տնտեսական հետաքրքրություններին Ադրբեջանում, իսկ երկրորդը վերաբերում է աշխարհաքաղաքական այն բախմանը, որն առկա է Արևմուտքի, մասնավորապես Եվրամիության և Ռուսաստանի միջև»,– ասաց ՀՀԿ փոխնախագահը։

Աշոտյանի դիտարկմամբ` դժվար է պախարակել միջազգային հանրությանը, երբ մեր կառավարության ղեկավարը Լաչինի միջանցքի փակումից մի քանի օր հետո է անդրադառնում այդ խնդրին։ Նա կարծում է, որ մեր իշխանությունը, ստորագրելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, բերել է այս իրավիճակը Արցախի ու ողջ հայության գլխին, իսկ հիմա համառորեն ձեռքերը լվանում է` բարձրաձայն հայտարարելով, որ պատասխանատու չէ հանգուցալուծման համար, պատասխանատուն ագրեսիվ գործողությունների հեղինակ Ադրբեջանն է, ինչպեսև Ռուսաստանի Դաշնությունը` մոռանալով, որ վերոհիշյալ փաստաթղթի տակ ստորագրել է նաև Նիկոլ Փաշինյանը։

«Այն, որ կյանքի չի կոչվում նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը, ՀՀ գործող իշխանության ապիկար արտաքին քաղաքականության, բանակցային ձախողումների, ռազմական դիտավորյալ ու սարքված պարտությունների հետևանքն է»,– ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով ԵԽ բանաձևի այն կետին, որ ՌԴ խաղաղապահները ՄԱԿ–ի մանդատի համաձայն հրատապ պետք է փոխարինվեն ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով, ՀՀ փոխնախագահն ընդգծեց, որ արցախահայության համար հիմա դա չէ ամենակարևորը։ Ըստ նրա` շատ տհաճ է, որ Հայաստանն ու Արցախը վերածվում են աշխարհաքաղաքական բախման թատերաբեմի, մինչդեռ տարիներ շարունակ նախորդ իշխանություններին հաջողվում էր դրանից խուսափել։

«Փաշինյանի կողմից իրականացվող դիտավորյալ արտաքին քաղաքականության հետևանքով մեր հայրենիքի հարցը դարձել է Արևմուտքի և Ռուսաստանի միջև բախման կիզակետ, ինչը չի կարող օգուտ բերել մեր ազգային շահերին, որովհետև գերտերությունների բախումները ցանկացած թատերաբեմում որևէ լավ բանի չեն հանգեցնում»,– ասաց նա։

Մեկնաբանելով այն հարցը, որ ԵԽ–ն Ռուսաստանի դերն անվանում է «ապակառուցողական», իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբին` «անգործունակ», Աշոտյանը նշեց, որ մինչև վերջին բանաձևի ընդունումը Մինսկի խմբի համանախագահության աշխատանքները շարունակելու կոչեր կային, մինչդեռ վերջին բանաձևն ուղղակի Արևմուտքի և ՌԴ–ի միջև աշխարհաքաղաքական պայքարի հետևանքն է։

«Մինսկի խումբը` որպես գերտերությունների միասնական ու համատեղ հարթակ, այս պահին կարծեք թե ոչ մեկին պետք չէ, որովհետև Հայաստանի իշխանությունն ինքն է փաստացի ամիսներ առաջ Փաշինյանի շուրթերով ԱԺ ամբիոնից հայտարարել, որ չեն սպասելու Մինսկի խմբին և առանձին են գնալու բանակցությունների։ Եթե ՀՀ իշխանությունը չի հետապնդում քաղաքականություն, որի նպատակը պետք է լիներ ոչ թե գեոպոլիտիկ աճուրդն օտարերկրյա մայրաքաղաքներում, այլ վերոհիշյալ ձևաչափով աշխատանքները շարունակելու հրամայականը, ապա այդ դեպքում էլ ի՞նչ են ակնկալում այլ մայրաքաղաքներից»,– ասաց Աշոտյանը։

Ըստ նրա` և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն այս պահին գործունյա չեն համարում, քանզի հույս ունեն, որ Հարավային Կովկասում ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծման մեջ կունենան ոչ թե համընդհանուր շահերի համադրման հրամայական կամ պարտավորություն, այլ կփորձեն սեփական ձուկը բռնել այս ջրում, հետևաբար ԵԽ բանաձևն աշխարհաքաղաքական բախման ֆոնին ցավալիորեն տարածվել է նաև ԼՂ հիմնախնդրի վրա։

ՀՀԿ փոխնախագահը հիշեցրեց, որ իրենց համար ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում կան կարմիր գծեր, որոնք հանգում են արցախահայության ինքնորոշման իրավունքին և միանշանակ ընդունելի չեն հիմնախնդրի կարգավորման այն բանաձևերն ու մոտեցումները, որոնցում հաշվի չի առնվելու այդ իրավունքի միջազգային երաշխավորման ու իրականացման հեռանկարը։ Արևմուտքի կողմից առաջադրված հանգուցալուծման տարբերակը չի ընդունում այդ կարմիր գիծը, մինչդեռ ռուսական տարբերակն առնվազն հետաձգում է Արցախի կարգավիճակի հարցը, այլ ոչ թե խաչ քաշում այդ հեռանկարի վրա։

Աշոտյանը տեղեկացրեց, որ ՀՀԿ–ն, օգտագործելով իր արտաքին կապերը, մեծապես նպաստել է Եվրախորհրդարանի բանաձևում հայկական շահերի արտացոլմանը։

Տեսանյութեր

Լրահոս