Թոռնիկ Ալեյանը դատարան չէր եկել. Չալաբյանի փաստաբանները բացարկի միջնորդություն հայտնեցին Մնացական Մարտիրոսյանին
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվում էր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։
Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ նիստը նախապես նշանակված էր 11:00-ին, ապա դատարանի նախաձեռնությամբ հետաձգվել էր 14:00: Այս առնչությամբ դատարանի աշխատակազմից էլ դատարանին փոխանցել էին՝ հիմնական վկա Թոռնիկ Ալեյանը 14:00-ին հետաձգման առնչությամբ նշել էր, որ նշանակված ժամին չի կարող գալ, անհետաձգելի ժողովի է մասնակցում: Մյուս վկան՝ Վարդան Բրուտյանը, հեռախոսազանգի միջոցով տեղեկացրել էր, որ հանդիպումներ ունի:
Ավետիք Չալաբյանի պաշտպանը, սակայն, նշեց. «Թոռնիկ Ալեյանն առաջին նիստը չէ, որ չի ներկայանում դատարան, և եթե չեմ սխալվում՝ այս նիստին դատարանը որոշում էր կայացրել վերջինիս բերման ենթարկելու: Ինձ հետաքրքիր է, թե ի վերջո, դատարանի՝ բերման ենթարկելու հանձնարարությունը կատարվե՞լ է համապատասխան մարմնի կողմից, թե՞ ոչ: Եվ կարծում եմ, որ այս պայմաններում դատարանը կրկին պետք է հարկադրանքի միջոց կիրառի, որովհետև ես այստեղ տեսնում եմ վարքագիծ. Մենք, գրեթե 4 դատական նիստ է, սպասում ենք պարոն Ալեյանի ներկայանալուն, սակայն պարոն Ալեյանը երևի չի բարեհաճում ներկայանալ նիստին»:
Պաշտպանը նաև ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ նկատելով, որ միջնորդության հիմքում վերաքննիչ դատարանի որոշումն է, որով ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանին կալանավորելու վերաբերյալ Մնացական Մարտիրոսյանի որոշումը և նաև՝ նախորդ դատական նիստում դատարանի դրսևորած վարքագիծը, երբ վկա Արմեն Սողոմոնյանի հարցաքննության ընթացքում դատարանը փաստացի խոչընդոտեց, որպեսզի վկան հայտնի իրեն հայտնի տեղեկությունները՝ այդպիսով փորձելով կանխել վկայի ցուցմունքի՝ հնարավոր անարժանահավատության բացահայտումները:
Միջնորդությունը կքննարկվի հաջորդ դատական նիստում՝ մարտի 2-ին, ժամը 10:00-ին:
Հիշեցնենք՝ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է երկու կամ ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում