«Երկու տարին բավարար է ոչ միայն այդ կացարանը կարգի բերելու, նաև զրոյից կացարաններ կառուցելու համար». Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ բանակում չի հիշում այնպիսի դեպք, ինչը եղավ Գեղարքունիքի մարզի N զորամասի կացարանում։

«ՀՀ զինված ուժերն իրենց առօրյան, զորքերի ծառայությունը կազմակերպում են համազորային կանոնադրության համաձայն և այդ համազորային կանոնադրության մեջ գրված են բոլոր այն պայմանները, որտեղ զինվորը կարող է հայտնվել առօրյա կյանքում, նույնիսկ պատերազմական իրավիճակում կամ զորավարժությունների ժամանակ։ Լինի ժամանակակից պայմաններին համապատասխան զորանոց,  ժամանակավոր կացարան, թե  վրան կամ բաց դաշտ, բոլոր այս պայմաններում զինվորական ծառայության պահանջներն ու պայմանները նույնն են։ Այսինքն՝ զինվորական ծառայության և զորքերի ծառայության կազմակերպումը, զինծառայողների սննդի և այլ հարցերի, այդ թվում՝ տաքացման կազմակերպումը սահմանում է անվտանգության կանոններ, որն իրականացվում է  տարբեր հրահանգների միջոցով։ Այդ ժամանակավոր զորանոցը կարող է վերանորոգված չլիներ, պատերը սվաղած չլիներ, բայց մաքրություն, պայմաններ, հակահրդեհային պայմանները պետք է լինեն, ղեկավար կազմն այդ ամենը պետք է ապահովի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը։

Նրա կարծիքով՝ երեկ հրդեհված զորանոցում գտնվող զինծառայողներն այդ վիճակում հենց այնպես չեն հայտնվել, այսինքն՝ երկար ժամանակ է, և ինչպես նշել է Փաշինյանը, 2020 թվականի պատերազմից հետո են զինվորները հայտնվել այդ կացարանում։

«Այս ժամանակահատվածը՝ երկու տարին, բավարար է եղել ոչ միայն այդ կացարանը կարգի բերելու, նաև զրոյից կացարաններ կառուցելու համար։ Ասում են՝ Իտալիայից համապատասխան մոդուլներ են բերում, բայց Հայաստանն ունի այն ներուժը, որպեսզի տեղում կառուցի համապատասխան  պայմաններ իր զինծառայողների համար։ Նախկինում՝ իմ նախարար եղած ժամանակ, բազմաթիվ նման շենք-շինություններ ենք կառուցել՝ խիստ վերահսկողության ներքո։

Կարդացեք նաև

Ցավով եմ ընդունում բոլոր այն թերությունները, որոնք տեղի են ունենում բանակում, ես դրանով չեմ ուրախանում, և առհասարակ որևէ մեկը չի ուրախանում դրանով, որ 15 հոգի հրդեհի հետևանքով զոհվել է։ Միանշանակ է, որ վերջին տարիներին բավականին լուրջ վնաս է հասցվել բանակի կարգապահությանը»,- հավելեց Ս. Օհանյանը։

Ըստ նրա, այդ միջադեպից անմիջապես հետո, տեղում պետք է լիներ ղեկավար կազմը, իսկ պաշտոնանկությունները պետք է լինեին ծառայողական քննությունից հետո։

«Միանգամից հանել զորամիավորման հրամանատարությանը, միանգամից գլխատել ողջ հրամանատարական կազմին, սա նման է նրան, որ պատերազմից առաջ միանգամից փոխում էին նախարար, ԳՇ, ՊԲ հրամանատարին, և այս փոփոխություններն են, որ առաջին հերթին վնաս են հասցրել բանակի ղեկավարման համակարգին»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը։

Տեսանյութեր

Լրահոս