Չնայած մենք դաշնակիցներ ենք, Հայաստանը նախընտրում է պայմանավորվել ԵՄ-ի հետ․ Լավրով

Քիչ առաջ իր մեծ ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Ռուսաստանի ու Բելառուսի ՀԱՊԿ, ԵԱՏՄ գործընկերները միշտ չեն աջակցում Ռուսաստանին ու Բելառուսին միջազգային հարթակներում քվեարկելիս` անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելությունից հրաժարվելու՝ ՀՀ իշխանությունների որոշմանը։

Լավրովը նախ նշեց, որ բնական է, երբ գործընկերները տարբեր կերպ են քվեարկում, քանի որ բոլոր երկրները գտնվում են Արևմուտքի ճնշումների ներքո։ Սակայն անդրադարձավ նաև հատուկ դեպքերի ու խոստովանեց, որ պետք չէ թաքցնել, որ կան դժվարություններ՝ պայմանավորված Հայաստանում ներկայումս ստեղծված իրավիճակի հետ։

«Մեր հայ ընկերներն առաջ էին մղում Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու անհրաժեշտության հարցը, որպեսզի այնտեղ ապահովվի ինչ-որ կայունություն։ Մենք Երևանում կայացած գագաթնաժողովին համաձայնեցրինք նման փաստաթուղթ, այդ առաքելության պարամետրերը, բայց այն ընդունել չհաջողվեց, քանի որ հայ գործընկերները սկսեցին պնդել, որպեսզի այդ փաստաթղթում լինի Ադրբեջանին ուղղված սուր քննադատություն։

Մենք բացատրեցինք, որ եթե խոսքը դատապարտելու, հռետորաբանության մասին է, դիրքորոշումների մասին է, ապա այստեղ յուրաքանչյուրը կարող է անել այն, ինչ ցանկանում է։ Բայց եթե մենք ցանկանում ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել, ապա երևի թե դա անպայմանորեն պայմանավորված չէ ինչ-որ արտաքին նշաններով ու հայտարարություններով, առավել ևս՝ կտրուկ»,- փորձեց պարզաբանել Լավրովը։

Նա նաև ասաց, որ դեռ մնում է պատրաստակամությունը՝ ուղարկել ՀԱՊԿ առաքելություն Ադրբեջանի հետ սահման։

«Այնուամենայնիվ չնայած նրան, որ մենք դաշնակիցներ ենք, չնայած նրան, որ այդ առաքելությունն ամբողջությամբ պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել ԵՄ-ի հետ, որպեսզի այնտեղ երկարատև հիմքով տեղակայվի առաքելություն, և երևի թե, եթե այդ առաքելությունը տեղակայվի առանց Ադրբեջանի համաձայնության, ապա այն կարող է ապակառուցողական լինել։ Փոխարենը սահմանին վստահության ամրապնդմանը, այն կարող է ստեղծել հավելյալ խթաններ։ Սա օբյեկտիվ իրավիճակ է»,- ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Տեսանյութեր

Լրահոս