Ասադի հանդիպումը Թուրքիայի ղեկավարության հետ կախված է Սիրիայում իրավիճակի պատճառների վերացումից. Սիրիայի ԱԳՆ

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միքդադն իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսում պատասխանել է Սիրիայի և Թուրքիայի ղեկավարությունների հնարավոր հանդիպման մասին հարցին։

«Ես հաստատում եմ, որ Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունները մինչև 2011 թվականը նորմալ են եղել՝ հիմնված բարիդրացիական քաղաքականության և երկու երկրների ընդհանուր շահերի վրա, և մենք, այդ օրվանից մինչ օրս անում ենք հնարավորը՝ վերջ դնելու ահաբեկչությանը, որը խաթարել և դադարեցրել է այս հարաբերությունների խաղաղությունը և հանգեցրել է ենթակառուցվածքների, բժշկական և կրթական հաստատությունների ոչնչացմանը Սիրիայում: Ուստի նախագահ Բաշար ալ-Ասադի հանդիպումը Թուրքիայի ղեկավարության հետ կախված է այս իրավիճակին հանգեցրած պատճառների վերացումից և այն տարաձայնություններից, որոնք փոխարինել են այն կոնսենսուսին, որի վրա նախկինում կառուցված էին սիրիա-թուրքական հարաբերությունները։ Այս համատեքստում Մոսկվայում կայացել է Սիրիայի, Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը»,- ասել է Միքդադը։

Նա ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում պետք է հարմար միջավայր ստեղծվի ավելի բարձր մակարդակի հանդիպումների համար, և որ ցանկացած քաղաքական հանդիպում պետք է հիմնված լինի հստակ հիմքերի վրա, որոնք հարգում են Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և զինված ուժերի ներկայությունը որպես իրական երաշխավորի։

Սիրիայի արտաքին գործերի նախարարը նաև երախտագիտություն է հայտնել Իրանին՝ Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերի համար։

Տեսանյութեր

Լրահոս