Ձմեռային եղանակը չի ազդի ադրբեջանական ծրագրերի վրա ․ Մովսես Հակոբյանը նշում է՝ հնարավոր նոր ռազմական էսկալացիայի ուղղությունները նույնն են լինելու․ «Փաստինֆո»

ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը չի բացառում Ադրբեջանի կողմից իրավիճակի էսկալացիայի հնարավորությունը։ Ընդ որում, նա չի կարծում, թե ձմեռային եղանակը կարող է ազդել ադրբեջանական կողմի ծրագրերի վրա։

«Ես դրան անդրադարձել եմ մեկ տարի առաջ, որ դա լինելու է, ավելացնելու բան չունեմ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանային անհանգստացնող իրավիճակին, ասաց Մովսես Հակոբյանը։

Անդրադառնալով հարցին, թե ստեղծված իրավիճակում, երբ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կարծես թե փակուղի են մտել, նոր ռազմական սադրանքով Ադրբեջանը ի՞նչ նխատակ կարող է հետապնդել, Մովսես Հակոբյանն ասաց․ «Ամեն ինչ շատ պարզ է, Ադրբեջանը, երբ իր նպատակներին քաղաքական ճանապարհով չի կարողանում հասնել, հասնում է ռազմական ճանապարհով»։

Ինչ վերաբերում է հարցին, թե ո՞ր ուղղությունները կարող են թիրախավորվել հնարավոր ագրեսիայի դեպքում, ԳՇ նախկին պետը չմանրամասնեց՝ միայն հղում արեց ավելի վաղ իր կողմից արված հայտարարությանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել էր, թե մոտ ապագայում Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմաններին ռազմական գործողություններ են սպասվում։ Ուղղությունները լինելու են՝ Սյունիքում, Վարդենիսում, Տավուշում, չի բացառվում նաև՝ այլ ուղղությամբ։

Այլ հարցերի Մովսես Հակոբյանը պատասխանել չցանկացավ՝ նշելով, որ ինֆորմացիայի չի տիրապետում եւ գուշակություններով զբաղվել չի ցանկանում։

Տեսանյութեր

Լրահոս