Հռիփսիմե Ստամբուլյանը մանդատը վայր է դնում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր ՀՀ ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:
«Շուրջ մեկ ու կես տարվա խորհրդարանական աշխատանքով փորձել եմ մասնագիտական ունակություններս ու աշխատանքային կարողություններս ծառայեցնել ի շահ հայրենիքի և միայն հայրենիքի:
Անշուշտ, եղել են նաև թերացումներ և ձախողումներ, որոնք ստեղծված իրողությունների պայմաններում միշտ չէ, որ բխել են մեր աշխատանքից:
Շնորհակալություն եմ հայտնում հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և «Հայաստան» դաշինքի իմ գործընկերներին` մաղթելով հաջողություններ խորհրդարանական աշխատանքի հետագա ընթացքում:
Ներողություն եմ խնդրում վստահության քվե տված բոլոր այն քաղաքացիներից, ում հույսերն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չարդարացվեցին:
Ստեղծված իրավիճակն անհամատեղելի է մասնագիտական գործունեության վերաբերյալ իմ մոտեցումների և գոյություն ունեցող խնդիրների լուծման նկատմամբ ունեցածս պատասխանատվության հետ:
Հետագա գործունեությանս մեջ շարունակելու եմ հավատարիմ մնալ իմ սկզբունքներին և գաղափարներին՝ անկախ կարգավիճակից` իմ հետագա աշխատանքի մեջ գերակա պահելով հայրենիքի շահը»: