«Կարծում եմ՝ ապագայում ՀԱՊԿ-ի փոխարեն՝ Շանհայի կազմակերպության երկրները կկազմեն ռազմական դաշինք, որն ավելի գործունյա կլինի». Գագիկ Հարությունյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր առաջարկելու մասին, այդ թվում՝ առաքելության ուղարկել Ադրբեջանի հետ սահման՝ իրավիճակը գնահատելու համար։

«Իրավիճակը հեշտ չէ, առաջին հերթին՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. այնտեղ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են լինում: Ընդհանուր առմամբ, միջոցառումների այն համալիրը, որն առաջարկում է ՀԱՊԿ-ը՝ որպես օգնություն Հայաստանին և որում կան տարբեր միջոցներ՝ և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական, և՛ ռազմական, այդ թվում՝ առաքելության ուղարկում այս սահման, որտեղ այն իրատեսորեն կգնահատի իրավիճակը, ընդհանուր առմամբ աջակցություն է ստացել բոլոր պետություններից»,- ասել է Զասը բելառուսական ОНТ հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Արդյո՞ք հայ-ադրբեջանական սահմանին ռուսական առաքելությունը կարող է կյանքի կոչվել, և առհասարակ ինչպիսի՞ն կլինի իրավիճակը սահմանին, եթե ԵՄ առաքելության հետ տեղակայվի նաև ՀԱՊԿ առաքելությունը։

168.am-ի հետ զրույցում Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանն ասաց, որ այս հարցը բավականին բարդ է, քանի որ այստեղ գոյություն ունի մի ամբողջ հարաբերությունների շղթա, որը սկսվում է այնտեղից, որ ՀԱՊԿ-ը լիովին կայացած կառույց չէ։

Կարդացեք նաև

«Միևնույն ժամանակ ՀԱՊԿ-ը վերածվել է թիրախի, որի դեմ անընդհատ պայքարում են Հայաստանի իշխանությունները, քանի որ նրանց հանձնարարված է պայքարել ՀԱՊԿ-ի դեմ ցանկացած տեսքով։ Կարծում եմ՝ ապագայում ՀԱՊԿ-ի փոխարեն՝ Շանհայի կազմակերպության երկրները կկազմեն ռազմական դաշինք, որն ավելի գործունյա կլինի։

Զասը հավանաբար նման հայտարարությամբ ցանկանում է ցույց տալ, որ ՀԱՊԿ-ն ու Հայաստանն ունեն ընդհանուր շահեր, այն համատեքստում, որ ներկայումս հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ չափով սառնություն է նկատվում։ Բնական է, որ ՀԱՊԿ-ն այսպիսով փորձում է ավելի լավը երևալ»,- նշեց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունը որևէ բան ինքնուրույն չի կատարում, նրանք ծառաներ են, որոնք կատարում են բոլոր այն հրամանները, որոնք տրվում են իրենց ուղղորդող երկրներից։

Ըստ քաղաքագետի, այստեղ հարկ է սպասել, հասկանալու համար, թե տվյալ առաքելության կատարման վերաբերյալ ինչ են մտածում արևմտյան, և ոչ միայն, երկրները, որովհետև նրանց հիմնական նպատակն այսօր Իրանն է։

«Երբ 2018-2019 թվականներին մենք կանխատեսում էինք պատերազմ, տեսնում էինք, որ հիմնական մեխն այն սահմանային գոտին է, որն Արցախն ունի Իրանի հետ։ Այս պահին Հայաստանի իշխանությունը ոչինչ չի անում Իրանի հետ հարաբերությունները խորացնելու համար, քանի որ այս տարածաշրջանում նրանց շահերը համընկնում են։ Վերջերս Իրանը գրեթե ստիպելով կարողացավ Կապանում բացել հյուպատոսություն, որովհետև Իրանը «Նիկոլի տերերի» հիմնական թիրախն է   և ամեն ձևով փորձում է որևէ բան անել։

Ավելին՝ երեկ Իրանում էլ շատ հետաքրքիր հայտարարություն արեցին, թե որոշել են մտնել Շանհայի երկրների կազմակերպության մեջ։ Սա նշանակում է, որ ստեղծվում է  նոր բևեռ՝ արևելյան բևեռը, ինչը շատ բան է նշանակում, ստացվում է՝ Չինաստան, Ռուսաստան, Իրան, որոշ դեպքերում էլ՝ Հնդկաստան։ Առաջին երեք երկրներն իրար շատ բաներով են շաղկապված, առաջին հերթին՝ ռազմական համագործակցության առումով»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս