«ՀԱՊԿ հեղինակազրկման  գործընթացը տեղավորում է այս իշխանությունների՝ ՀՀ-ում վեկտոր փոխելու ծրագրերի մեջ». Գեղամ Մանուկյան

«ՀԱՊԿ գագաթնաժողովը և Հայաստանը. գործո՞ն, թե՞ գործիք» խորագրով քննարկման ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ հնարավոր չէ կանխատեսումներ անել Երևանում կայացած ՀԱՊԿ խորհրդի նիստից՝ հիմնվելով կիսապաշտոնական կամ Նիկոլ Փաշինյանի շուրթերից հնչած հայտարարությունների վրա:

«Ամբողջական տեղեկատվության բացակայության պայմաններում դժվար է կանխատեսումներ անել»,- շեշտեց նա՝ միաժամանակ հավելելով, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը տապալված կարելի է համարել  Հայաստանի համար, ինչը, ցավոք, տեղի ունեցավ ՀՀ նախագահության ժամանակ:

«Իշխանությունը փորձում է լղոզել, թե ինչ էր կատարվում ՀԱՊԿ փակ դռների ետևում: Բայց ես կցանկանամ մի քանի փոքր դրվագ արձանագրել, որոնք խոսում են այն մասին, թե ինչ լրջությամբ էր Հայաստանը սրան պատրաստվել: Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին զբաղված էին կուսակցական գործերով, մամուլում տեղեկություն եղավ, որ ՔՊ վարչության նիստ է տեղի ունեցել, տևել է երկար, քննարկել են մարզային կառույցների հարցեր: Սա փաստում է, թե որքան, այսպես ասած, լրջորեն են մոտեցել այս համաժողովին: Երկրորդ՝ ՊՆ հայտարարություն եղավ, որ Սուրեն Պապիկյանը կարճ առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Շոյգուի հետ:

Լուսանկարներից պարզ է դառնում, որ այդ առանձնազրույցը ոտքի վրա իրար հետ երկու բառ փոխանակելն է: Եվ ինչպես Սուրեն Պապիկյանն է նշել՝ ոտքի վրա կարճ առանձնազրույց է ունեցել, այդպես էլ ոտքի վրա շարունակում են Հայաստանը ներկայացնել»,- ասաց Մանուկյանը:

Անդրադառնալով ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովի ֆոնին հակառուսական ակցիաներին, ԱԺ պատգամավորը նշեց, որ ՀԱՊԿ-ի վերաբերյալ քննադատական խոսքերը լսելիս, մտաբերում է  2018 թվականը, մասնավորապես, այդ ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարձակումները, նրա հետկանչումը:

«ՀԱՊԿ հեղինակազրկման  գործընթացը տեղավորվում է այս իշխանությունների՝ ՀՀ-ում վեկտոր փոխելու իրական ծրագրերի մեջ»,- ընդգծեց Գեղամ Մանուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս