«Դիցուք, ԱԱԾ-ի հետ համագործակցել է «Ալֆա» կեղծանունով մեկը, կարո՞ղ է ոչնչացնեն նրա փաստաթղթերը». Գեղամ Մանուկյան

«Ձեր խոսքի մեջ չկար դրույթ, թե ինչի համար է այս փոփոխությունը»։ Ազգային ժողովի արտահերթ նիստում դիմելով ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ «Ազգային անվտանգության մարմինների մասին» գործող օրենքով սահմանվում է, որ ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների, նրանց հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց տվյալները, փաստաթղթերը և նյութերը ենթակա են պահպանման լիազորված մարմնի արխիվում, այսինքն՝ ԱԱԾ-ի համապատասխան օրենքով կար դրույթ, ըստ որի՝ լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում են օրենքով սահմանված կարգով։

«Հիմա առաջարկում եք՝ գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով։ Դիցուք, ԱԱԾ աշխատողների հետ համագործակցել է «Ալֆա» կեղծանունով մեկը, հիմա ձեր առաջարկած փոփոխությունով, որ կարող են ոչնչացվել, կարո՞ղ է պատահի, որ մի օր ԱԱԾ պետի կամ այլ որոշմամբ, այլ իրավական ակտով ոչնչացնեն «Ալֆա»-ի համագործակցությունը ԱԱԾ-ի հետ վկայող, հաստատող փաստաթղթերը»,- ԱԱԾ տնօրենի տեղակալին հարցրեց Գեղամ Մանուկյանը։

Անդրանիկ Սիմոնյանն էլ պատասխանեց, որ պատգամավորի վկայակոչած դրույթը «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածում ձևակերպած է հետևյալ կերպ՝ լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում են օրենքով սահմանված կարգով, ապա հավելեց․

Կարդացեք նաև

«Այս օրենքի նորմից ակնհայտ է, որ ոչնչացման համար օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված որևէ ընթացակարգ գոյություն չի ունեցել, և փոփոխությունը կատարվել է այն տրամաբանությամբ, որ ունենաք լիազորող նորմ՝ ոչնչացնելու համար։ Խնդիրը ինչո՞ւմն է, ես ուղղակի չեմ հասկանում ձեր տագնապը»։

Մանուկյանը հակադարձելով ԱԱԾ տնօրենի տեղակալին՝ ասաց․

«Ընդհանրապես գաղտնի ծառայություններում 50 տարի հետո կարող են գաղտնազերծել որևէ անձի գործունեություն։ Այդպես եղավ լեգենդար հետախույզ Վարդանյաններին, և օրենքը սա թույլ է տալիս, բայց մինչև գաղտնազերծումը օրենքի նախագծով ԱԱԾ-ում իրավունք ունե՞ն ոչնչացնելո՛ւ այդ փաստաթղթերը, նոր փոփոխությամբ իրավունք են ստանում ոչնչացնել․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս