Ռոնալդուն տուգանվել և որակազրկվել է Անգլիայում
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տուգանվել և որակազրկվել է Անգլիայում:
Այս մասին գրում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը: Պորտուգալացին որակազրկվել է երկու խաղով և տուգանվել 50 հազար ֆունտով: Տուգանքները կգործեն, եթե նախօրեին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ պայմանագիրը խզած Ռոնալդուն տեղափոխվի անգլիական այլ ակումբ:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի ժամկետից շուտ կլքի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։ Կրիշտիանու Ռոնալդուն օրերս տված հարցազրույցում խիստ քննադատության էր ենթարկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությանը՝ հայտարարելով, որ ակումբի ղեկավարությանը բացարձակապես չի հետաքրքրում սպորտային ասպեկտը։ Ռոնալդուն նշել էր, որ ակումբը նրանց համար ընդամենը մարքեթինգային նշանակություն ունի։ Ռոնալդուն նաև հայտարարել էր, որ չի հարգում թիմի մարզիչ Էրիկ Տեն Հագին, որը իր հանդեպ հարգանք չի ցուցաբերում։
Կրիշտիանու Ռոնալդուն նշել էր, որ ակումբը որևէ առաջընթաց չի ունեցել այն պահից, երբ թիմից հեռացել է երկարամյա գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը։ Այդ հարցազրույցին հետևել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայտարարությունը, որ քայլեր են ձեռնարկել՝ կապված Ռոնալդուի հարցազրույցի հետ։ Այդ հայտարարությամբ ակումբը նշել էր, որ հավելյալ մեկնաբանություններ չեն լինելու, մինչև գործընթացն ավարտին կհասցվի։