Ինչո՞ւ են երեխաները մեծերից արագ սովորում

ԱՄՆ-ի Բրաունի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել՝ պարզելու՝ արդյոք երեխաները նոր բան սովորելիս առավելություններ ունեն: Ինչպես պարզել են մասնագետները, երեխաները նյարդային համակարգի աշխատանքի շնորհիվ մի քանի անգամ ավելի արագ են սովորում, քան մեծերը։ Այս մասին գրում է shantnews-ը։

Ի՞նչն է կոնկրետ ազդում ուսուցման գործընթացի վրա

Գիտնականները պարզել են, որ երեխաների ուղեղում ուսուցման ընթացքում արագորեն արտազատվում է գամմա-ամինաբուտիրաթթու (GABA)՝ օրգանական միացություն, որը հանդես է գալիս որպես կենտրոնական նյարդային համակարգի ամենակարևոր նեյրոհաղորդիչ, որն ամրացնում է նոր սովորած նյութը։

18-35 տարեկան 14 մեծահասակների և 13 երեխաների մասնակցությամբ առաջադրանքում հայտնաբերվել է, որ երեխաների մոտ GABA-ի մակարդակը բարձրանում էր վարժությունների ընթացքում և դրանից հետո բարձր էր մնում, մինչդեռ մեծահասակների մոտ այդ մակարդակը մնում էր նույնը վարժությունների ողջ ընթացքում: Հետազոտողների խոսքով՝ նեյրոհաղորդիչն օգնում էր երեխաներին ավելի արագ և արդյունավետ կերպով հիշել նոր տեղեկատվությունը:

Ո՞րն է GABA-ի գործառույթը մարմնում

Գամմա-ամինաբուտիրաթթվի հիմնական գործառույթն այն նեյրոնների նյարդային ակտիվության նվազեցումն է, որոնց այն միանում է: Ուղեղում դրա առկայության մասին առաջին անգամ հայտնի դարձավ 1950 թվականին, երբ ամերիկացի գիտնական Յուջին Ռոբերտսն ապացուցեց, որ դա հիմնական ամինաթթունն է, որն ապահովում է ուղեղի նյարդային բջիջների լավագույն գործունեությունը։

Գիտնականն ուշադրություն է հրավիրել այս նյութի առկայության վրա կենտրոնական նյարդային համակարգի տարբեր հյուսվածքներում՝ ողնաշարավորների ուղեղում, ուղեղիկում և ողնուղեղում, և ենթադրել ուղղակի կամ անուղղակի կապ նյարդային ազդանշանների փոխանցման հետ։

GABA-ի ցածր մակարդակը հանգեցնում է անհանգստության, դեպրեսիայի զարգացման, խաթարում է կենտրոնացումը, ուշադրությունը և որոշ ճանաչողական գործառույթները:

GABA-ի հիմնական գործառույթները.

– շարժողական գործունեության կարգավորումը,
– հիշողության և մտածողության գործընթացների ապահովումը,
– հակացնցումային ազդեցությունը,
– ուղեղին արյան մատակարարումը,
– էներգետիկ գործընթացների ակտիվացումը,
– շնչառական ակտիվության ակտիվացումը,
– գլյուկոզայի յուրացման արագացումը,
– նյութափոխանակության թունավոր արգասիքների հեռացումը։

Ի՞նչ առաջադրանք են կատարել մասնակիցներն ուսումնասիրության ընթացքում

Մեծահասակներին և երեխաներին առաջարկվել է նայել էկրանի կենտրոնական կետին, որի վրա 50 միլիվայրկյան անընդմեջ հայտնվել է երկու պատկեր, որին հաջորդել է 300 միլիվայրկյան ընդմիջում: Պատկերներից մեկն իրենից ներկայացրել է տեսողական աղմուկով մոնոքրոմ պատրանք, մյուսը՝ միայն տեսողական աղմուկ։ Փորձի մասնակիցները պետք է պատասխանեին, թե որտեղ է պատկերված նկարը, որը նման է սև ու սպիտակ գծերի շարքի,այսպես կոչված, «Գաբոր ֆիլտրի»։

Տեսանյութեր

Լրահոս