Բաժիններ՝

Արմեն Աշոտյան. «Գիտության ֆինանսավորման երաշխավորված ավելացումը տեղի է ունենալու 2014-ին»

«Շատ լավ հասկանում եմ, որ երիտասարդ գիտնականների աջակցության խնդիրը միայն նրանց գիտական հետազոտությունների խրախուսման կամ դրանց աջակցության մեջ չէ: Երիտասարդ գիտնականը կարիք ունի նաև սոցիալական ծառայությունների երաշխիքների նոր փաթեթի»,- այս մասին փետրվարի 11-ին «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր-2012» մրցույթի հաղթողներին դրամաշնորհների վկայագրերի հանձնման արարողության ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նա, հիշատակելով երիտասարդ գիտնականների համար բնակարանաշինության ծրագիրը, որը մեկնարկել է վերջին տարիներին, ասաց. «Պետք է խոստովանել, որ բավարար սոցիալական փաթեթ մենք երիտասարդ գիտնականին դեռևս ամբողջական չենք առաջարկում: Բայց վստահեցնում եմ Ձեզ, որ մեր լավատեսությունն այս ուղղությամբ հիմնավորված է ոչ միայն այն գիտակցմամբ, որ ձեզ օգնելու և աջակցելու հրամայականը բխում է մեր երկրի ազգային ռազմավարական շահերից, այլ նաև մենք ունենք հստակ պատկերացումներ, իրատեսական մոտեցումներ, թե ինչպես, որքանով և ինչ ուղղությամբ կարելի է իրականացնել այդ ամենը»,- ասաց Ա. Աշոտյանը: Նրա խոսքով` իրենք  բավականին զուսպ են խոստումների մեջ, սակայն, դրան հակառակ, բավական կարգապահ են դրանց կատարման գործում: Նախարարի խոսքով`պետությունը միայնակ չի կարող կրել գիտության ֆինանսավորման ողջ բեռը, և այս առումով կարևոր է նաև, որպեսզի նմանատիպ ծրագրերին աջակցողների օրինակը վարակիչ լինի նաև այլոց համար:

Տեղեկացնենք, որ «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր-2012» մրցույթի վարկանշային ցանկի արդյունքներով ֆինանսավորման է երաշխավորվել 25 թեմա` ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի կողմից նախապես հայտարարված 20-ի փոխարեն: Նշենք, որ թեմաներից 3-ը` «Բարեպաշտ սերունդ», իսկ 2-ը` Հայաստանի երիտասարդական հիմնադրամների ֆինանսավորմամբ է հնարավոր դարձել: Այսպես, ընտրված թեմաների մի մեծ մասը` 17-ը, բնական գիտությունների բնագավառից են, 5-ը ներկայացնում են ճարտարագիտության և տեխնոլոգիաների բնագավառը, 2-ը` հասարակական գիտությունների, 1-ը` հայագիտություն և հումանիտար գիտությունների բնագավառները:

Ա. Աշոտյանը նշեց, որ այս տարի նախևառաջ ավելացել է ֆինանսավորվող ծրագրերի թիվը և հնարավորությունները՝ շնորհիվ պետական աջակցության, երկրորդ` ավելացել է նաև  գործընկերների թիվը, ովքեր պետության հետ միասին պատրաստ են երիտասարդ գիտական ներուժի բացահայտմանն ու զարգացմանն ուղղված ծրագրեր ֆինանսավորել: Բացի այդ, ըստ նախարարի`շատացել է նաև աղջիկների քանակը, ինչը շատ հուսադրող և գեղեցիկ երևույթ է:

Կարդացեք նաև

«Իրականում գիտությունն այն ոլորտներից մեկն է, որի պետական ֆինանսավորումը երաշխավորված է համապատասխան օրենքով, և կառավարությունը կատարում է իր պարտավորությունները, ավելացնում է իր մասով: Թեև 2014թ. կարծես թե դեռ մի քիչ հեռու է, բայց երաշխավորված ավելացումը ֆինանսավորման, որ տեղի է ունենալու 2014-ին, մենք այսօրվանից միասին պետք է որոշենք, թե ո՞ր ուղղություններով ենք ուղղորդելու, ո՞ր ճանապարհով ենք տանելու: Իհարկե, երիտասարդ գիտնականների համար նախատեսվող ֆինանսական միջոցները, վստահ եմ, կավելանան նաև 2014թ. պետական բյուջեում, և այս ուղղությամբ ևս, հարգելի երիտասարդ գիտնականներ, ակնկալում եմ նաև ձեր առաջարկները»,- ասաց Ա. Աշոտյանը`նշելով, որ նախարարության կողմից ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի կատարմամբ մշակվել է երիտասարդական գիտական ներուժի հզորացման համապատասխան ծրագիր:  «Կառավարության որոշման նախագիծն այսօր շրջանառվում է, իսկ մինչև մարտի սկիզբ այն կուղարկվի կառավարություն, ընդունվելու դեպքում՝ այն նոր իրավական երաշխիքներ կստեղծի երիտասարդ գիտնականների աջակցության համար»,- ասաց նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս