Երկու ժողովուրդների հարուստ մշակութային կապերի թողած հետքը հսկայական է և անչափելի. մեկնարկել է Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը Վրաստան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Վրաստանում է: Այցը մեկնարկել է Վրաստանում ՀՀ դեսպանատան կողմից կազմակերպված Հայաստան-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմամբ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ի հասարակայնության հետ կապերից և հաղորդակցության վարչությունից, միջոցառմանը հրավիրված են եղել նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, բարձրաստիճան հյուրեր: ՀՀ ԱԺ նախագահը բացման խոսքում նշել է.

«Ուրախ եմ, որ եղբայրական Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում նման հիշարժան միջոցառման եմ ներկա: Ուրախ եմ նաեւ, որ այստեղ է իմ լավ բարեկամ եւ գործընկեր Շալվան: Այս տարի լրանում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, սակայն հայ-վրացական համատեղ անցած ճանապարհը, պատմական առնչությունները եւ ավանդույթներն ունեն հազարամյակների պատմություն»:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ միջպետական հարաբերությունների այս երեսուն տարիների ամբողջ ընթացքում գրանցվել են մեծ հաջողություններ, սակայն իրականում երկու ժողովուրդների խոսուն եւ հարուստ մշակութային կապերի թողած հետքը հսկայական է եւ անչափելի:

Տոնական միջոցառմանը ելույթ է ունեցել նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին: Շնորհավորելով հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ` նա նշել է, որ այդ 30 տարիների ամեն րոպեն ու վայրկյանը երկու ժողովուրդների կապերն ավելի են սերտացրել, դիվանագիտական հարաբերություններն առավել ամուր հիմքերի վրա են դրվել:

Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանն անդրադարձել է երկու ժողովուրդների սերտ կապերին եւ միջպետական դինամիկ զարգացող հարաբերություններին:

Միջոցառմանը հնչել են Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի կատարումները:

Տեսանյութեր

Լրահոս