Առաջիկա խաղերում մեր նպատակը երիտասարդ ֆուտբոլիստներին փորձարկելն է՝ չմոռանալով արդյունքի մասին. Ռոման Բերեզովսկի
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին Կոսովոյի թիմին ուժեղ մրցակից է համարում:
«Դիտել և ուսումնասիրել ենք Կոսովոյի ազգային հավաքականի խաղերը: Գիտենք, որ ձեր խաղացողներից մեկը՝ թիմի գլխավոր աստղը ՝ Վեդատ Մուրիքին, բացակայում է: Բայց Կոսովոն շատ ուժեղ թիմ է՝ լավ խաղացողներով: Մենք էլ բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք, իսկ այն փորձառու ֆուտբոլիստները, որոնք կան, հուսով ենք կկիսվեն իրենց փորձով երիտասարդների հետ, կօգնեն, որ նրանք վստահություն ձեռք բերեն թե՛ դաշտում, թե՛ ընդհանրապես մեր թիմում»,-Կոսովոյի դեմ ընկերական խաղից առաջ ասել է մասնագետը:
Բերեզովսկին հավելել է, որ Կոսովոյի և Ալբանիայի հետ կայանալիք խաղերում նպատակը երիտասարդներին փորձարկելն է, սակայն չեն մոռանալու նաև արդյունքի մասին:
Ըստ Բերեզովսկու՝ ազգային հավաքականի համար չկան ընկերական խաղեր, որովհետև մարզաշապիկի վրա Հայաստանի զինանշանն է, ու ֆուտբոլիստները պիտի հպարտ լինեն դրանով, ամեն ինչ անեն, որ արդյունքն էլ լավը լինի:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նոյեմբերի 16-ին ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի հետ: Կոսովո-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին, Երևանի ժամանակով ժամը 21:00-ին: