Փաշինյանը մանիպուլյացիաներով փորձում էր բթացնել հայ ժողովրդի բացի նյարդի ցավը. Լևոն Նազարյան
ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանը Նիկոլ Փաշինյանի հերթական հարցազրույցը հակիրճ որակեց՝ «մանիպուլյացիա»:
Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ-ական գործիչն արձանագրեց՝ Փաշինյանը մանիպուլյացիաներով փորձում էր բթացնել հայ ժողովրդի բաց նյարդի ցավը:
«Ասելիքը մեկն էր՝ արցախահայության ճակատագրի հետ կապված իրենք փորձում են լվանալ ձեռքերը, և նաև՝ ձեռք են քաշում ՀՀ սուվերենությունից»,- շեշտեց նա, իսկ «նշաձողն իջեցնելու» մասին Փաշինյանի պնդումներին հակադարձեց հայտնի դրվագով, երբ Ալիևն ասում էր, թե փակ դռների հետևում Ադրբեջանի վրա կա մեծ ճնշում՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը,- «Հասարակությանը պետք է ասել, որ այդ նշաձողի իջեցումը ենթադրում է, որ արցախցի տղամարդկանց 99 տոկոսը հայտնվելու է բանտերում, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի նշաձողն իջեցնելը նշանակում է կտտանքների ենթարկել արցախահայության տղամարդկանց, որոնց 99 տոկոսը պայքարել է իրենց իրավունքների համար թե՛ առաջին պատերազմում, թե՛ քառօրյա, թե՛ 44-օրյա պատերազմում»:
Այս համատեքստում անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցային գործընթացի վերջին փուլին՝ Լևոն Նազարյանը նշեց, որ 2018 թվականից սկսած՝ ՀՀ-ում տեղի է ունեցել հեղաշրջում, և 2018 թվականից հետո բոլոր բանակցային գործընթացներում ՀՀ-ն ներկայացված չի եղել:
«Ներկայացված են եղել համանախագահները, Իլհամ Ալիևը և իր հայաստանյան քաղաքական հարճը: Այսինքն՝ այսօր պետք է, որ ՀՀ-ն կարողանա վերադառնալ բանակցային սեղան և ներկայացնել իր շահերը»,- ասաց ՀՀԿ-ական գործիչը:
Նա նաև հիշեցրեց, թե ինչպես էր Փաշինյանը հայտարարում, որ բանակցությունները չի շարունակում Սերժ Սարգսյանի թողած կետից, ասել է թե՝ խաչ է քաշում նաև ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երեք երկրների 30 տարիների համատեղ աշխատանքի վրա. «Ինքն իրեն դրել է «Ռեմբո»-ի տեղը և կարծում է՝ ունի հնարավորությունը, որ ՄԱԿ ԱԽ մշտական անդամներից երեքին կարող է ասել՝ չեմ ընդունում այս բանակցային փաթեթը, որի վրա 30 տարի աշխատել եք. ինքը պետք է կամ ճնշում գործադրի այդ պետությունների վրա, ինչը ծիծաղելի է, կամ դառնա «իզգոյ» պետություն, որի դեմ ռազմական ագեսիայի դեպքում միջազգային հանրությունն արձագանքելու է շատ պասիվ: Ժողովրդական լեզվով ասած՝ ինքը գցում է նաև համանախագահության ինստիտուտը (չհաշված՝ նրա դավադրական գործողությունները մեր ռազմավարական դաշնակցի հանդեպ)»:
Ըստ Լևոն Նազարյանի՝ այս իրավիճակով պայմանավորված՝ անվտանգային խնդիրներն օրըստօրե ավելանում են, մեծանում է նաև նոր պատերազմի հավանականությունն ու այդ պատերազմի մասնակիցների թիվը, քանի որ գործող իշխանությունները բոլորին խոստումներ են տալիս ու չեն կատարում: