Մեզնից ո՞վ է հաղթում աշխարհին
«Աստծուց ծնված ամեն ոք հաղթում է աշխարհին»
Առօրյայում ընկնելով աշխարհիկ փորձությունների ու մրցությունների մեջ՝ մենք երբեմն նույնիսկ չենք էլ նկատում և ինքներս մեզ չենք տալիս մի կարևորագույն հարց՝ ո՞ւմ եմ ցանկանում հաղթել։ Այս հարցը որքան էլ բարդ է, նույնքան և պարտադիր է։ Չէ՞ որ չկա մրցություն առանց հաղթանակի, և չկա հաղթանակ առանց իմաստի։
Օրինակ՝ մարզիկը, երբ պատրաստվում է մասնակցել հերթական մրցմանը, ունի հստակ նպատակ՝ հաղթել այսինչ մրցույթում՝ գրավելու համար աշխարհում, իր երկրում, իր քաղաքում լավագույն տեղը, նվաճելու հաղթողի տիտղոսը։ Այդպե՛ս է իմաստավորվում նրա հաղթանակը և ջանքը։ Այս օրինակն աչքի առաջ ունենալով՝ հարցնենք ինքներս մեզ՝ արդյո՞ք ամեն անգամ, երբ մտնում եմ տարբեր տեսակի մրցությունների մեջ, երբ ցանկանում եմ հաղթող դուրս գալ, ունեմ հստակ նպատակ։
Եթե չենք գտնում այդ նպատակը, և, միևնույն է, մտնում ենք մրցության մեջ՝ ցանկանալով առաջ անցնել այն մարդկանցից, որոնցից, ըստ մեզ, ետ ենք մնացել, ի՞նչ է դա։ Ո՞րն է մեր նպատակը այդ պարագայում, և ո՞ւմ ենք ցանկանում ապացուցել մեր ուժը, մեր կարողություններն ու հնարավորությունները։ Մարդկա՞նց։ Անշուշտ, չէ՞ որ ակնհայտ է՝ մեր մեջ խոսում է եսասիրությունը։Դա է պատճառը, որ նույնիսկ պատրաստ ենք անտեսել մեր հնարավորությունները, անել ամեն հնարավորն ու անհնարինը՝ մարդկանց միջև մեր իսկ սահմանած մրցակցության մեջ «հաղթող» դուրս գալու համար։
Մի պահ կանգ առնենք, և խորհենք․ ինչո՞ւ պիտի փորձենք հաղթել մարդկանց, եթե որպես իրական քրիստոնյաներ ունենք մեկ այլ հնարավորություն, մեկ այլ բանաձև, որով հնարավոր է հաղթել աշխարհին։ Հովհաննես առաքյալը, հիշատակելով պատվիրանապահության մասին, իր առաջին նամակում գրում է․ «Քանզի այս է Աստծու հանդեպ մեր սերը. որ պահենք նրա պատվիրանները։ Նրա պատվիրանները ծանր չեն, քանզի Աստծուց ծնված ամեն ոք հաղթում է աշխարհին։ Եվ ա՛յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատը։ Իսկ ո՞վ է աշխարհին հաղթողը, եթե ոչ նա, ով հավատում է, որ Հիսուսն է Աստծու Որդին» (Ա Հովհ․ 5։3-5)։
Համաձա՞յն ենք ընթանալ այս ուղով՝ ուրեմն՝ վստահ լինենք՝ մի օր կհաղթենք աշխարհին, իսկ եթե մոլորություններն առայժմ թույլ չեն տալիս նման մեծ հաղթանակների ճամփան բռնել, ազատվե՛նք դրանցից և քայլենք դեպի Ճշմարիտը, դեպի հաղթանակ։