Բաժիններ՝

ՀՖՖ-ն ամեն ինչի պատրաստ է, որ Մխիթարյանը վերադառնա. Արմեն Մելիքբեկյան

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Vivaro Sport-ի եթերում կայացած հարցազրույցի ընթացքում խոսել է նաև Հենրիխ Մխիթարյանի՝ Հայաստանի հավաքականից հեռանալու և վերադառնալու հնարավորության մասին:

«Ես իմ մեջ, իհարկե, հստակ ունեմ պատասխանը և չեմ կարծում, թե խնդիրը կապված է Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Մենք հայտարարել ենք, և ես հիմա էլ եմ հայտարարում. բնականաբար, Հենրիխ Մխիթարյանի առջև Ֆուտբոլի Ֆեդերացիայի դռները միշտ բաց են: Հենրիխ Մխիթարյանն այնքան պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, որ դա իր որոշումն է։ Վստահ եմ, որ դա իր որոշումն է, և նա որոշել է, որ այդ պահին պետք է կանգներ։ Բայց Հենրիխ Մխիթարյանը կարող է վերադառնալ: Ցանկալի կլինի, որ նա վերադառնա:
Կարծում եմ, որ մենք այդ մասին դեռ կխոսենք:

Ես չեմ կարող շատ ավելին խոսել մինչև մարզչի նշանակումը։ Երբ նոր մարզիչը լինի, կարծում եմ՝ ինքը ևս այս հարցով կխոսի: Ես մշտապես ասում եմ, որ Ֆեդերացիայի նախագահը չպետք է միջամտի կազմի ընտրությանը: Բայց այս հարցով խոսակցություն կարող ենք ունենալ: Մենք հուսով ենք, որ մի օր Մխիթարյանը կվերադառնա հավաքական:
Ոչ մի անհամերաշխություն չկա ֆեդերացիայի ու Մխիթարյանի միջև: Նա ամիսներ շարունակ գալիս էր հավաքական, շփվում էինք։ Բայց ՀՖՖ-ն ամեն ինչի պատրաստ է, որ Մխիթարյանը վերադառնա»,- ասել է ՀՖՖ նախագահը:

Մելիքբեկյանը նշել է, որ Մխիթարյանի համար հրաժեշտի խաղ չկազմակերպելու պատճառն այն հույսն է, որ նա մի օր կարող է վերադառնալ հավաքական։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս