Հայաստանի ու Ադրբեջանի կողմից տեսնում ենք խիզախ քայլեր անցյալը հետևում թողնելու և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ. Բլինքեն

Ժամեր առաջ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ տեղի ունեցան եռակողմ բանակցություններ Արարատ Միրզոյան-Էնթոնի Բլինքեն-Ջեյհուն Բայրամով ձևաչափով: Հանդիպման մեկնարկին, որը հրապարակային էր, ԱՄՆ պետքարտուղարը հանդես եկավ ողջույնի խոսքով.

«Ողջունենք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ ԱԳ նախարար Միրզոյանին, ԱԳ նախարար Բայրամովին, այստեղ՝ Բլեր Հաուսում, Վաշինգտոնում՝ շարունակելու, կարծում եմ, շատ արդյունավետ քննարկումները, որոնք մենք նախաձեռնել էինք Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, այնուհետև մեր թիմերի միջև հետագա զրույցներում: Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին: Ուղիղ երկխոսությունը իսկապես կայուն խաղաղության լավագույն միջոցն է, և մենք շատ ուրախ ենք դրան աջակցելու համար:

Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային անկախությանը, և 1991 թվականի անկախության վերականգնումը կենսականորեն կարևոր պահ էր երկու երկրների իրավունքների երաշխավորման համար, իրավունքներ, որոնց մենք մեծապես աջակցում ենք։
Կարծում եմ, որ արդարացի է նաև ասել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ 30 և ավելի տարի հակամարտությունն ունեցել է հսկայական մարդկային, նյութական կորուստներ՝ կորսված կյանքեր, խորը սպիներ: Բայց այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, իրական քայլեր և խիզախ քայլեր են երկու երկրների կողմից անցյալը հետևում թողնելու և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատելու համար: Երկու երկրներն էլ աշխատում են այդ նպատակի շուրջ և, ի վերջո, Հարավային Կովկասի ավելի պայծառ ապագայի համար:

Եվ ես պարզապես կասեմ, որ Միացյալ Նահանգները, որպես Հայաստանի և Ադրբեջանի բարեկամ, հանձնառու է անել ամեն ինչ՝ աջակցելու ձեզ այս ջանքերում` քայլել ձեզ հետ տևական խաղաղության ճանապարհով, օգնել ամեն կերպ, ինչպես կարող ենք: Սա, կարծում եմ, ավելի լավ, պայծառ ապագայի խոստումն է։ Եվ ես ողջունում եմ և ձեզ, և ձեր կառավարություններին այն խիզախության և վճռականության համար, որ դուք ցուցաբերում եք այդ նպատակակետին հասնելու համար:

Այսպիսով, շնորհակալ եմ երկուսիդ էլ, ձեր թիմերին այստեղ լինելու համար, և ես անհամբեր սպասում եմ մեր զրույցին: Շնորհակալություն»:

Տեսանյութեր

Լրահոս