«Իմ նկատմամբ քրեական գործ է հարուցվել». Արթուր Խաչենց

Օրերս տեղի ունեցավ երգիչ-երգահան Արթուր Խաչենցի «Սեր կամ անմահություն» գրքի շնորհանդեսը, որտեղ քառյակների միջոցով նա ներկայացրել է իր պատերազմական հիշողությունները: Գրքի վաճառքից ստացված հասույթն ուղղելու է սահմանապահ զինվորների կարիքներին:

«Սա վկայությունն է նրա, թե ես ինչքան եմ սիրում Արցախը՝ իմ ծննդավայրը. Մինչև կյանքիս վերջ ես կապակցված եմ լինելու այդ հողի հետ թե՛ իմ հուշերով, թե՛ իմ տողերով, թե՛ իմ երաժշտությամբ: Շատ դժվար է Արցախ գնալը, որովհետև հոգեբանորեն ամեն անգամ ես հասկանում եմ, որ այնպես չեմ արել, որ թշնամուն հանձնեն իմ ծննդավայրը, իմ հայրենիքը, իմ սրբությունը: Իմ կյանքից թանկ է Արցախը, որովհետև իմ նման շատուշատ տղաների կյանքեր զոհաբերվեցին, ու վերջում ուղղակի իրենց պարտությունը մեր ուսերի վրա փաթաթեցին: Ես երբ մտնում եմ Արցախ՝ ինքս ինձ չեմ կարողանում կառավարել, թե ոնց եմ խոսում թուրքերի հետ, որոնք հանկարծ ճամփիս կհանդիպեն, կամ ռուս խաղաղապահների հետ, եթե փորձեն ավելորդություն թույլ տալ: Երբ ես ինձ ագրեսիվ եմ ցույց տալիս, հասկանում եմ, որ դա այն վրդովմունքից է գալիս, որ ես կյանքում այնպես չեմ արել, որ Շուշին հանձնվի, որ իմ ծննդավայր Հադրութը մնա սարերից այն կողմ, որ ես չկարողանամ գնալ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արթուր Խաչենցը:

Գրքի շնորհանդեսի օրը նա ներկայացրեց նաև նոր տեսահոլովակ՝ «Եկ քինինք Արցախ»: Խաչենցը նշեց, որ երգի գաղափարը ծնվել է ԱՄՆ կատարած հյուրախաղերի ընթացքում. «ԱՄՆ-ում մեր շատ հայրենակիցներ ասում էին՝ ի՞նչ կարող ենք անել Արցախի, Հայաստանի համար, ես ասում էի՝ այնտեղի ժողովուրդը, հասկացանք, որ մահապարտ է, շարունակում է ապրել, պայքարել, ստեղծագործել, բայց այնտեղի ժողովուրդը ձեր համար քիլլեր չէ: Շուշին դարձել է Շուշա, այնտեղ դրված է Թուրքիայի և Ադրբեջանի դրոշը: Ես բոլորին ասել եմ՝ պետք չէ փող ուղարկել, մեզ քիլլերի տեղ դնել, ու ձեր խիղճը հանգստացնել: Հայրենիքից լավ ու խաղաղ տեղ չկա, ինչքան էլ հայրենիքը պատերազմի մեջ լինի: Նման իրավիճակում երկիրը թողնել գնալը ավելին, քան դավաճանություն է:

Ես ուղղակի մարդկանց ասում էի՝ եկեք՝ գնանք Արցախ: Ես ամեն ինչ արել եմ, որ այդ մարդկանց տանեմ Արցախ՝ անկախ նրանից, որ ունեցել են արտերկրյա անձնագրեր, խնդիրներ են եղել ռուս խաղաղապահների հետ, ես ժամերով սպասել եմ, որպեսզի այդ մարդկանց տանեմ Արցախ: Ասում էի՝ եկեք, տեսեք Արցախը, եղեք սահմանամերձ գյուղերում»:

Արթուր Խաչենցի համար այսօր ամենավատ հայհոյանքը «Եռաբլուրի կարմիր բերետ» արտահայտությունն է. «Այն տականքները, ովքեր զոհվածների մայրերին չեն թողնում գնան այնտեղ, սպանել են, այնտեղ հողի մեջ են դրել, ու չեն թողնում գնան այնտեղ, նրանց քարշ են տալիս այնտեղից: Թուրքը այդ ամենը տեսնում է, ու ծաղրելով ասում էին՝ հայեր, եկեք մեզ մոտ, մենք ավելի լավ կվերաբերվենք ձեզ, քան ձեր ոստիկանությունն ու իշխանությունները: Ու ճիշտ են անում, որովհետև մեր երկրում չկա ազատ խոսքի իրավունք, եթե անգամ ճիշտը ասում ես, մարդիկ քեզ չեն ընկալում, կույր ու խուլ են ձևանում»:

Նա նկատեց՝ ամեն պատերազմի ու ցեղասպանության պրոյեկտին զոհ է գնում ամենալավ սերունդը, ամենալավ դաստիարակված ու նվիրված տղաները. «Դրա համար ես անգամ փակված եմ մնում, շատ մարդկանց հետ չեմ կիսվում, չեմ կարողանում մյուսների նման ինձ խրախճանքների տալ ու համարել, որ վերջ, պատերազմն ավարտված է, ամեն ինչ հանգիստ է: Ես անգամ հարազատ եղբորս ամիսներ առաջ Արցախում ամուսնացրել եմ, բայց չեմ կարողացել տոնել, լիաթոք ուրախանալ, որովհետև հասկանում եմ, որ եղբորս ամուսնացնում եմ, բայց նա տուն չունի»:

Արթուր Խաչենցը եթեր էր եկել բավականին հետաքրքիր բաճկոնով, որի «պատճառով» նա անգամ բերման է ենթարկվել. «Ես շատ եմ սիրում նման բաճկոններ կրել, որոնք նման են զրահաբաճկոնի կամ զենքի պիտույքի համար նախատեսված բաճկոնի: Մոտ երկու ամիս առաջ այս բաճկոնով էի, փողոցում քայլում էինք, երբ մի կարմիր բերետավոր ասաց՝ էդ վրայինդ իսկակա՞ն է, թե՞ կինոյից է: Ես իմ հարազատ քույրիկներով լինելով հանդերձ՝ թույլ չտվեցի իջնել իր մակարդակին և նույն լեքսիկոնով խոսել, ասացի՝ կներեք, իմ հե՞տ եք, ասացին՝ այո: Ասացի՝ ի՞նչ խնդիր կա: Հարցրին՝ վրայինդ իսկակա՞ն է, թե՞ կինոյից է: Պատասխանեցի՝ իսկական է: Ասեց՝ բա, վրայիններն ո՞ւր են, զենքերը: Քմծիծաղ տվեցի, ասացի՝ զենքերը Արցախում հողի տակ պահել եմ, էլի շարունակեց, բա՝ ո՞ւմ համար ես պահել, ես պատասխանեցի՝ Նիկոլի: Ասաց՝ ի՞նչ ասացիր, արի հլա ստեղ: Իրենք 6 հոգով էին, ես քույրիկներիս հետ էի, գիտեին՝ պետք է վախենամ: Քույրիկներիս ճանապարհեցի, որ մեկուսանամ, և երբ սկսեցին առաջ գալ, հարցին՝ ո՞ր  Նիկոլի, ես էլ պատասխանեցի՝ ինձանից լավ գիտես, խոսք ես քաշո՞ւմ: Կարմիր բերետավորն ասաց՝ ո՞նց, երկրի գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանի՞, ես էլ պատասխանեցի՝ այո, երկրի գերագույն թուրքի՝ Նիկոլ Փաշինյանի: Զանգեցին, մեծ խումբ եկավ, ինձ ուզում էին բռնի ուժով տանել, ես ասացի՝ ինքնուրույն կգամ…»:

Երգիչը պատմեց նաև, թե իրեն ինչպես են քննչական կոմիտե տարել, ինչ խոսակցություններ են այնտեղ եղել, և ի վերջո քրեական գործ հարուցել նրա նկատմամբ՝ երկրի գերագույն գլխավոր հրամանատարին, այսինքն՝ Փաշինյանին սպառնալիք ներկայացնելու պատճառաբանությամբ:

«Ես ասացի, որ ես նրան չեմ սպառնացել, ուղղակի ասել եմ՝ եթե այդքան կա, թող մտնի Արցախ: Ինձ հարցրին՝ քաղաքացի, երկրի գերագույն գլխավոր հրամանատարի հանդեպ թշնամանք ունե՞ք, ես էլ պատասխանեցի, որ ցանկացած մեկը, ով ինձանից խլել է իմ ու ծնողներիս առողջությունը, իմ ընկերների կյանքը, իմ տունը, իմ հայրենիքը, ու շարունակում է խլել, իմ վրա պարտություն է փաթաթել, ու ցանկացած մեկը, ով հակահայ է, իմ համար թուրք է, իսկ թուրքն ինձ համար թշնամի է: Լռություն տիրեց, ասաց՝ լավ, ազատ եք, ու երբ անգամ ինձ ազատ էին թողնում, հասկացա, թե այդ ամենն ուր է տանում՝ իրենք դեմ էին, որ խոսում եմ, արտահայտվում եմ: Ես էլ ասացի, որ երկու տարի է՝ ես խոսում եմ, ինչո՞ւ եք հիմա ինձ բերման ենթարկում: Նրանք ինձ ճանաչում էին: Դա եղել է երկու ամիս առաջ, երբ թուրք վարորդին սպանել էին, ես էլ ասացի՝ գիտեմ, թե այդ ամենն ինչի համար եք անում, ուղղակի ես չեմ արել, բայց մեծ հաճույքով ես էլ կանեի: Իմ նկատմամբ քրեական գործ են հարուցել ու քննության համար առգրավել բաճկոնս, օրեր հետո նոր վերադարձրին»,- ընդգծեց նա:

Հետաքրքրվեցինք՝ պաշտպան ունի՞:

«Պետք չէ պաշտպան, երկրի գերագույն գլխավոր հրամանատարն իր շողքից վախենում է, ես ի՞նչ պետք է անեմ, որ իրեն վախեցնեմ: Ինքը եթե չի վախենում, թող իր ընտանիքի հետ դուրս գա և իրեն ընտրած ժողովրդի մոտ քայլի: Եթե մարդը սեփական շողքից վախեցած է ու զուգարաններից դուրս չի գալիս, զուգարաններից է ուղիղ եթեր մտնում, այդ մարդու մասին էլ ի՞նչ ասես: Այս մարդը թուրք է, պրոյեկտ է անում, որն ավարտելու է ու թռնի երկրից: Եթե հայերս այդքան արժանապատիվ ենք, չթողնենք երկիրը մինչև վերջ ծախի, կանգնեցնենք նրան»,- ի պատասխան՝ ասաց Արթուր Խաչենցը:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս