Թուրքիան այն երկիրը չէ, որին կարող են սպասեցնել շեմին. Էրդողան

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «Առաջին նպատակը 2014 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական գործընթացի սկսումն է» ծրագրին:

Իր ելույթում Էրդողանն անդրադարձ է կատարել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը. «Թուրքիայի Հանրապետությունն իր 76 միլիոն քաղաքացիների հետ գլուխ չի խոնարհի որևէ բանի առջև: Մեզ չեն կարող ստիպել հրաժարվել մեր կամքից, ազատությունից, ուղղվածությունից: Ոչ ոք չի կարող կանխորոշել մեր ճակատագիրը, բացի ինձնից:

Մենք ոչ մեկին, ոչ մի կազմակերպությանն ու որևէ երկրի թույլ չենք տա Թուրքիային ենթարկել անիմաստ փորձությունների: Թուրքիան այլևս այն երկիրը չէ, որի գործերին կարող է միջամտել և կանխորոշել նրա արտաքին քաղաքական ուղղվածությունը: Մենք համբերություն չունենք ԵՄ-ին անդամակցելու հարցում անվերջ սպասելու համար:

Թուրքիան այն երկիրը չէ, որին կարելի է ստիպել սպասել դռներին՝ ծիծաղելի պատճառաբանություններով: Թուրքիային ստիպում են սպասել արդեն 54 տարի: ԵՄ-ին անդամակցել են շատ երկրներ, որոնք չեն հասել նրա չափորոշիչներին»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Էրդողանը հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցելու սպասումներից հոգնած Թուրքիան կարող է անդամակցել Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ):

Ի դեպ, Թուրքիան միավորված Եվրոպայի, այն ժամանակ Եվրոպական տնտեսական ընկերակցության (ԵՏԸ) դռներն առաջին անգամ սկսել է թակել դեռևս 1959 թվականի հուլիսի 31-ին: Այդ ժամանակ Անկարան Բրյուսելից իրազեկվեց, որ Հունաստանը դիմում է ներկայացրել ԵՏԸ-ին անդամակցելու համար: Թուրքիայում անմիջապես գտան, որ Հունաստանին պետք չէ միայնակ թողնել եվրոպական ընտանիքում, քանի որ նա սկսելու է վարելու հակաթուրքական քաղաքականություն:

Թուրքիան նույնպես ներկայացրեց այդպիսի դիմում, ինչի կապակցությամբ թուրք հանրահայտ լրագրող ու վերլուծաբան, արդեն իսկ հանգուցյալ Մեհմեթ Ալի Բիրանդը հայտարարել է, որ այն ժամանակվա Թուրքիայի վարչապետ Ադնան Մենդերեսն անգամ չի պատկերացրել իր սկսած գործի մասշտաբը:

Թուրքիային ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ շնորհվել է 1999 թվականի դեկտեմբերի 10-ին Հելսինկիում տեղի ունեցած ԵԽ-ի գագաթնաժողովում: 2004 թվականի դեկտեմբերին Բրյուսելում անցկացված ԵԽ համաժողովում միաձայն որոշվեց Թուրքիայի հետ բանակցություններ սկսել 2005 թվականի հոկտեմբերի 3-ին:

Այդ օրը ԵՄ անդամ երկրները Լյուքսեմբուրգում երկարատև քննարկումներից հետո ընդունեցին Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու որոշում: Այդ ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար (ներկայումս Թուրքիայի 11-րդ նախագահ) Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, որ Թուրքիան հասցրեց նստել մեկնող գնացքը։

Տեսանյութեր

Լրահոս